Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը , պատասխանելով ռուսական «Կոմերսանտ» թերթի թղթակցի հարցերին, ի միջի այլոց հայտարարել է, որ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը նախապատրաստական փուլում է. «Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, լինելով մեր ռազմավարական դաշնակիցը եւ Հայաստանի առաջնային գործընկերը` մասնավորապես այս ոլորտում, կլինի մեր գործընկերը նաեւ այս նախագծում, չնայած ատոմակայանի կառուցումը բազմաշերտ ծրագիր է եւ այսօր դժվար է միանշանակ ասել, կունենանք մեկ գործընկեր, թեՙ մի քանիսը: Միայն կարող եմ ասել, որ ռուսական համապատասխան ընկերությունները ցուցաբերում են իրենց հետաքրքրությունը այս նախագծի նկատմամբ», հայտարարել է Նալբանդյանը:
Արտգործնախարարը անդրադարձել է նաեւ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին: Նրա խոսքերովՙ հայ-թուրքական սահմանի բացմանը հնարավոր է սպասել նաեւ այս տարի. «Դա կապված է նրանից, թե կողմերն ինչպես կհարգեն փոխպայմանավորվածությունները եւ կցուցաբերե՞ն արդյոք կամք` առաջ շարժվելու: Հայաստանը միշտ էլ հարգել է բոլոր պայմանավորվածությունները այլ պետությունների հետ», շեշտել է նախարարը:
ԼՂՀ հիմախնդրի հետ կապված Նալբանդյանը հայտարարել է, որ եթե կարիք լիներ, որ նախագահների վերջինՙ քիշնեւյան հանդիպումից հետո երկու երկրների ԱԳ նախարարությունները հանդես գային հայտարարություններով, ապա դրանք կլինեին. «Հիմա ես կարող եմ ասել մի բան. այսօր երկու կողմերը քննարկում են Ղարաբաղի կարգավիճակի հարցը», նշել է Նալբանդյանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ