Չնայած իրավապաշտպան Հրայր Թովմասյանը հայ-թուրքական արձանագրությունների մեջ չի տեսնում միջազգային իրավունքի մասնագետի, թուրքագետի ու տնտեսագետի ձեռք, այնուամենայնիվ, ըստ նրա, արձանագրություններում չկա որեւէ կետ, որ կհակասի մեր սահմանադրությանը: «Ի տարբերություն Թուրքիայի, որտեղ միջպետական պայմանագրերը կառավարությունն անմիջապես պառլամենտ է իջեցնում` որպես օրենքի նախագիծ, Հայաստանում այս փաստաթուղթը մինչը ԱԺ ներկայացնելը դեռ պետք է անցնի Սահմանադրական դատարանի քննությունը, չնայած, իմ կարծիքով, չի հակասում մեր սահմանադրությանը, սակայն որոշակի խնդիրներ կարող են լինել, թե որքանով է փաստաթուղթը համապատասխանում մեր սահմանադրության նախաբանին: Իսկ առանձին դրույթների հակասահմանադրական ճանաչելու պնդումները պարզապես փիլիսոփայական առարկումներ են», երեկ «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց Հրայր Թովմասյանը :
Բանախոսը ավելացրեց նաեւ, որ եթե Սահմանադրական դատարանը արձանագրությունները կամ թեկուզ դրանց մեկ դրույթը հակասահմանադրական ճանաչի, ապա փաստաթուղթն այլեւս չի մտնի ԱԺ` վավերացման, եւ գործընթացը կավարտվի:
Քանի որ Թովմասյանը որեւէ երաշխիք չունի, որ սահմանը բացումից հետո նորից թուրքական կողմից չի փակվելու, ապա, ըստ նրա, ԱԺ-ն վավերացումից հետո պետք է նշի, որ այդ դեպքում Հայաստանը «դուրս է գալիս խաղից»: Սա, ըստ բանախոսի, հնարավոր է. «Քանի որ Թուրքիան «բաց չի խաղում»»:
Թովմասյանի խոսքերովՙ արձանագրությունները որեւէ կերպ չեն կարող խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը. «Բացառությամբ մեկ-երկու երկրների, մնացած բոլորի դեպքում ցեղասպանության ճանաչումը քաղաքական գործոն է, ոչ թե արդարության վերականգնում: Եվ անկախ այս արձանագրությունների վավերացումից, քանի կան գերտերությունների շահերը, որեւէ կասեցում չի լինի այս հարցում», շեշտեց իրավաբանը:
Մյուս կարեւոր կետը արձանագրություններում, ըստ բանախոսի, փոխադարձ սահմանների ճանաչումը, նույնպես չի կարող էական նշանակություն ունենալ, քանի որ նշանակություն չունիՙ կա նման համաձայնագիր, թե ոչ: Եթե Թուրքիային պարտադրվի վերադարձնել մեր տարածքները, նա դա կանի: Իսկ այս դրույթներն ու ընդհանրապես միջազգային իրավունքը վերջին տարիներին Թովմասյանը որակեց «քաղաքավարության կանոններ». «Եթե աշխարհն ուզենա այս իսլամական միջավայրում մեծացնել «քրիստոնեական կղզին» (Հայաստանը), ապա նա ոչ մի ստորագրված համաձայնագրի չի նայելու», ասաց պարոն Թովմասյանը:
Արձանագրությունների տնտեսական առավելությունները, բանախոսի մեկնաբանմամբ, պայմանավորված են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահագրգռվածությամբ` Վրաստանին «խաղից հանելու» եւ նրան Հայաստանով փոխարինելու ծրագրերերով: Այն մտահոգությունները, թե սահմանի բացումից հետո մեր «թույլ» գյուղատնտեսությունը չի դիմանա թուրքական ներմուծմանը, բանախոսը չունի. «Ամեն ինչի համար լուծում կա. ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների համար կարող ենք սահմանել բարձր մաքսատուրքեր` խրախուսելով տեղական արտադրողին»: «Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնահարցին, ապա, անշուշտ, Թուրքիան ամեն ինչ անելու է, որ միջամտի այս հարցում, եւ կարծում եմՙ հենց պատմական հարցերը քննող ստեղծվելիք հանձնաժողովում է դա անելու: Մենք պետք է հստակ իմանանք, որ խաղը դեռ չի ավարտված. մենք դեռեւս սկզբնախաղում ենք», եզրափակեց պարոն Թովմասյանը:
Հ. Ա.