Հայ սպառողը երբեմն նախապատվություն է տալիս օտարերկրյա, շատ թանկ ապրանքներին, մինչդեռ, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի, հայկական արտադրանքը որեւէ բանով չի զիջում արտասահմանյան արտադրանքին:
Պատահական չէ, որ «Հազարամյակների մարտահրավերներ Հայաստան» հիմնադրամը երեկ հանդես եկավ հայ արտադրողներին աջակցելու եւ տեղական արտադրանքը միջազգային շուկա դուրս բերելու նախաձեռնությամբ:
«Եթե նոյեմբերի մեկից առեւտրի որեւէ կետում Ձեզ մոտենան ու առաջարկեն համտեսել տեղական այս կամ այն արտադրանքը, չզարմանաք»: Սա լինելու է ՀՄՀ գրասենյակի նախաձեռնած բազմաթիվ միջոցառումներից մեկը ` խթանելու տեղական արտադրողին` դուրս գալ համաշխարհային շուկա, իսկ ՀՄՀ նկարահանած գովազդում նշվում է. «Գնելով այն, ինչ արտադրված է Հայաստանում, դուք նպաստում եք, որ մեր հայրենակիցները ունենան կայուն աշխատանք: Գնիր հայկականը»:
Այս ծրագիրը նաեւ գյուղատնտեսական արտադրանքը խթանելու նպատակ ունի, քանի որ գյուղացիներից շատերը դժգոհ են վարկային այն միջոցներից, որոնք տրամադրվում են իրենց:
Ն. Մ.