Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին վերջապես հաջողվեց խոցել Իսպանիայի հավաքականի դարպասը: 58-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Ռոբերտ Արզումանյանի գլխի հարվածով խփած գոլը ցնծության ալիք առաջացրեց «Հանրապետական» մարզադաշտի տրիբունաներում: Իհարկե, կարելի է հասկանալ հայ ֆուտբոլասերներին, որոնց այնքան էլ չտխրեցրեց Եվրոպայի չեմպիոնից նվազագույն` 1-2 հաշվով կրած պարտությունը: Հյուրերն իրենց կարգով իրոք բարձր էին մեր ֆուտբոլիստներից, որոնք իսպանացիների հետ խաղում ներդրեցին իրենց բոլոր կարողությունները:
Ինչպես խաղի նախօրեին նշել էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, մեր ընտրանին ընտրել էր հակագրոհների տակտիկա` մեծ ուժեր կենտրոնացնելով թիկունքում: Իսպանացիները Երեւանում բավական վստահ խաղացին, սակայն առանձնակի ջանքեր չգործադրեցին հաջողության հասնելու համար: Խաղի ոչ այնքան բարձր տեմպն էլ ձեռնտու էր մեր ֆուտբոլիստներին, որոնք հասցնում էին ժամանակին օգնության հասնել միմյանց ու վնասազերծել մրցակցին:
Իսկ ահա հարձակման գծում մեր հավաքականը հատկապես առաջին խաղակեսում պասիվ էր: Դաշտի տերերը միայն երկու սպառնալից պահ ստեղծեցին: Մարկոսի սրընթաց անցումն անավարտ մնաց, իսկ Արման Քարամյանը հարմար դիրքից վրիպեց: Ընդմիջումից հետո մերոնք մի փոքր աշխուժացան, հատկապես խփած գոլից հետո, սակայն ընդհանուր առմամբ խաղային առավելությունն իսպանացիների կողմն էր: Առաջին խաղակեսում Ֆաբրեգասի խփած գոլից հետո կարծես իսպանացիները հանգստացան ձեռք բերածով, իսկ երբ դաշտի տերերը վերականգնեցին հավասարակշռությունը, շատ շուտ` ընդամենը 7 րոպե անց կրկին հաշվի մեջ առաջ անցան Մատայի 11 մ հարվածի շնորհիվ:
Վարդան Մինասյան (Հայաստան) - Ինձ շատ ուրախացրեց, որ ամբողջ խաղի ընթացքում մեր ֆուտբոլիստները պահպանեցին խաղային կարգապահությունն ու կազմակերպված գործեցին: Սկզբում մեր ֆուտբոլիստների մոտ որոշ լարվածություն էր զգացվում: Դա բնական էր, քանի որ Եվրոպայի չեմպիոնի դեմ էին խաղում: 2-րդ խաղակեսում մեր խաղն ավելի լավ ստացվեց: Իհարկե, դեռեւս հարկ կլինի վերլուծել այսօրվա խաղը, բայց իմ կարծիքով տղաները վատ չխաղացին:
Եդիգարյանի եւ Մարկոսի փոփոխությունները հարկադրված կատարեցի, քանի որ նրանք խնդրեցին: Իսկ Սամվել Մելքոնյանին խաղադաշտ մտցրի թիմի հարձակողական գործողություններին արագություն հաղորդելու համար: Նշել էի, որ Արարատ Առաքելյանի ֆունկցիոնալ վիճակը բավարար չէ: Դրանում ինքներդ էլ համոզվեցիք: Իմ կարծիքով մեր թիմից լավագույնը Կառլեն Մկրտչյանն էր:
Վերջին երկու խաղերը մեզ լավատեսորեն են տրամադրել, որ ապագայում մրցունակ հավաքական կունենանք: Թիմի մոտ վստահություն եմ նկատում, որը պետք է պահպանել մինչեւ վերջ: Շատ դժվարությամբ այդ վստահությունը ձեռք բերվեց, մեկնարկում անընդմեջ պարտությունները ֆուտբոլասերների դժգոհությունն էին հարուցել: Թուրքիայի հետ խաղում մեր ֆուտբոլիստների պատասխանատվությունը շատ ավելի մեծ է լինելու: Հավաքականի շահերից ելնելով դիմելու եմ ֆուտբոլի ֆեդերացիա` Աղվան Մկրտչյանի որակազրկման ժամկետը հնարավորինս կրճատելու խնդրանքով:
Վիսենտե դել Բոսկե (Իսպանիա) - Հայաստանի հավաքականը շատ լավ պայքարեց եւ բավական դժվարացրեց մեր ֆուտբոլիստների գործողությունները: Ինձ համար սպասելի էր մրցակցի նման խաղը: Խաղադաշտի վիճակը լավ էր, եղանակն էլ չխոչընդոտեց մեր ֆուտբոլիստներին լավ խաղ ցուցադրելու: Մեր բաց թողած գոլը ոչ թե սխալի, այլ մրցակցի վարպետ խաղի արդյունք էր: Չեմ կարող ասել, թե իսպանացիներն ուժերի քանի տոկոսի ներդրումով այսօր խաղացին: Հայաստանի հավաքականի հետ էլ նախապատրաստվել էինք լրջորեն, ինչպես մյուս մրցակիցների պարագայում: Մեզ համար մեծ փորձ էր մեծ ուժերով պաշտպանվող Հայաստանի հավաքականի դեմ խաղալը, քանի որ առաջիկայում եւս նման մրցակիցների հետ հարկ կլինի հանդիպել: Բոսնիացիներն արդեն իրավունք են ստացել մասնակցելու անցումային խաղերին, այնպես որ առաջիկա խաղն, իմ կարծիքով, հանգիստ մթնոլորտում կանցնի:
Երեկ առավոտյան Հայաստանի հավաքականը մեկնեց Թուրքիա, որտեղ վաղը ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը կանցկացնի: Թուրքիայում ֆուտբոլային մեր պատվիրակությանը դիմավորել են ծաղիկներով:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Իսպանիա | 9 | 9 | 0 | 0 | 23-3 | 27 |
2. Բոսնիա | 9 | 6 | 1 | 2 | 23-8 | 19 |
3. Թուրքիա | 9 | 3 | 3 | 3 | 11-10 | 12 |
4. Բելգիա | 9 | 3 | 1 | 5 | 13-18 | 10 |
5. Էստոնիա | 9 | 1 | 2 | 6 | 7-24 | 5 |
6. Հայաստան | 9 | 1 | 1 | 7 | 6-20 | 4 |