Երեկ մոսկովյան հանդիպումից հետո ասուլիս տված ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել են Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը. «Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը եւս մեկ օրինակ է, թե ինչպես Նահանգներն ու Ռուսաստանը կարող են համագործակցել», ասել է Հ. Քլինթոնը` նաեւ նշելով, թե երկու երկրները համակարծիք եւ միասնական են աշխատել հայ-թուրքական հարցում, եւ առհասարակ, ըստ նրա, ռուս-ամերիկյան հարաբերությունները նոր փուլ են մտելՙ հաջողությունների հասնելու փուլ: Սերգեյ Լավրովն էլ խոսել է հակամարտությունների կարգավորման մասին ԱՊՀ տարածքում` առանց կոնկրետանալու, թեեւ Հ. Քլինթոնը հիշեցրել է, որ այս ոլորտում ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ չհամաձայնեցված հարցեր ունի, օրինակՙ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի: