«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2009-10-10 | #184, 2009-10-13 | #185, 2009-10-14


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՍԱՐԳՍՅԱՆ-ՄԵԴՎԵԴԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մոսկովյան հանդիպման (սա 2 նախագահների 7-րդ հանդիպումն է այս տարում) ընթացքում Մեդվեդեւն ասել է. «Ցավոք` ճգնաժամը ոչ ոքի չի խնայում, եւ մեր ապրանքաշրջանառությունը եւս վերջին ժամանակներս նվազել է, ինչն իհարկե, հաճելի չէ: Ես նայել եմ ապրանքաշրջանառությանը վերաբերող թվերը` այնտեղ դրամատիկ փոփոխություններ չկան, բայց եւ այնպես նշանակալի անկում է` գրեթե 20 տոկոս»: Մեդվեդեւն ասել է, թե դա տհաճ է, եւ պետք է մտածել` ինչպես լրացնել այդ բացը, քանի որ առեւտրատնտեսական գործակցության տեմպերի պահպանումը կարեւոր է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի համար: Ընդհանուր առմամբ այնքան էլ վատ չհամարելով գործակցությունը տարբեր հարցերում` Մեդվեդեւն ասել է. «Եթե խոսենք հումանիտար կապերի մասին, ապա Դուք ինքներդ մեծ ներդրում ունեք այդ կապերի զարգացման հարցում. Դուք եղել եք Օրենբուրգում, այցելել եք Դոնի Ռոստով, որքան տեղյակ եմ` պատրաստվում եք այցելել Կալինինգրադ: Մեզ համար հաճելի է, որ Դուք հանդիպումներ եք ունենում մարզերում, շփվում եք Սփյուռքի հետ: Ինձ թվում է` այս ամենն օգտակար է մեր հարաբերությունների համար, եւ նմանատիպ կապերը, որոնք ունեն նաեւ տարածաշրջանային բնույթ, ամբողջության մեջ էապես ամրապնդում են նաեւ ռուս-հայկական երկխոսությունը: Ես Ձեզ ջերմորեն ողջունում եմ: Հնարավորություն ունենք բոլոր հարցերում խորհրդակցելու»: Նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ հրավերի համար, ասել է. «Վստահարժան քաղաքական երկխոսությունը մեր հարաբերությունների շարժիչ ուժն է: Նման` ոչ ֆորմալ երկկողմ հանդիպումը շատ լավ ձեւաչափ է`քննարկելու մեր փոխհարաբերությունների ողջ համալիրը: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում կատարված ծավալուն աշխատանքն, իմ կարծիքով, մեզ թույլ է տվել ինչպես տնտեսության, այնպես էլ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերությունններում, հումանիտար ոլորտում մոտենալ որակապես նոր քայլերի»:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մեդվեդեւին` ԼՂ խնդրի լուծման գործում անձնական մասնակցության համար եւ ոչ միայն. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը եւ անձամբ Ձեզ` Թուրքիայի Հանրապետության հետ մեր հարաբերությունների զարգացման հարցում աջակցության համար: Ռուսաստանի արտգործնախարի ներկայությունը ստորագրման արարողությանը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ձգտում է խաղաղության եւ ամուր անվտանգության: Ես ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար եւ կարծում եմ, որ այսօրվա խոսակցությունը մեծ ներդրում կունենա մեր հարաբերությունների զարգացման համար»:

Երկու նախագահների առանձնազրույցի ընթացքում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող համալիր խնդիրների քննարկումից բացի` նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, երկու առանձին գործընթացներին վերաբերող հարցեր, ապա եւ տնտղել են հեռանկարային ներդրումային նախագծերի խնդիրը: Հատուկ անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ շրջանակում երկու երկրների փոխգործակցությանը եւ արագ արձագանքման ուժերին` մոտ օրերին Ղազախստանում մեկնարկող «Փոխգործակցություն-2009» զորավարժությունների համատեքստում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4