Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Զբիգնեւ Ռիբացկու խոսքերովՙ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության լավ մթնոլորտ է ձեւավորվել: Նա նկատում է, որ Հայաստանը, հետխորհրդային բազմաթիվ երկրների նման, որոշակի կարծրատիպեր ունի ՆԱՏՕ-ի վերաբերյալ: Դրանք որոշ առումով պայմանավորված են նաեւ ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություներով, որոնք հաճախ հարթ չեն ընթացել, ու երբեմն այդ հարաբերությունների գլխին կուտակվել են սեւ ամպեր:
Ռիբացկու դիտարկմամբՙ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է որոշ չափով փոխել ՆԱՏՕ-ի վերաբերյալ Հայաստանի ընկալումը: Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ինՙ դաշինքի ներկայացուցիչը նկատեց, որ նմանօրինակ որոշում պետք է կայացնեն Հայաստանի իշխանությունները: «Նրանք պետք է որոշեն` ցանկանո՞ւմ են հարաբերություններ հաստատել ՆԱՏՕ-ի հետ, թե՞ ոչ: Եթե հայկական կողմից այդպիսի ցանկություն ստացվի, հարցը հնարավոր կլինի քննարկել: Այս դեպքում կարեւոր են նաեւ երկրում բարեփոխումների գործընթացի հետ կապված հարցերը», նկատեց Ռիբացկին:
Ըստ նրաՙ Վրաստանը վաղուց է հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցության մասին ու հարցը ներառել արտաքին քաղաքականության օրակարգում: Մինչդեռ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում այդ հարցը չկա: «Հարգում ենք այդ որոշումը: Հարգում ենք նաեւ այն փաստը, որ Հայաստանի ռազմավարական դաշանակիցն է Ռուսաստանը: Սակայն պետք է փաստել, որ մենք համագործակցում են Հայաստանի հետ: ՆԱՏՕ-ի համագործակցությունը գործընկերների հետ ու տարբեր ծրագրերի իրագործումը նպաստում են կայունության ու խաղաղության պահպանմանը տարածաշրջանում», հայտարարեց Ռիբացկին:
«Հնարավո՞ր է արդյոք ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայում ղարաբաղյան հակամարտության գոտում», հարցին ի պատասխան Ռիբացկին ասաց, որ ՆԱՏՕ-ն ներգրավված չէ Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործընթացում: «Սակայն դաշինքը շահագրգռված է, որ հակամարտությունը խաղաղ լուծում ստանա»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ