Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ Թուրքիայից եւ ինչպե՞ս մեկնաբանել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ցյուրիխյան արարողությունը:
Այս հարցերին էին երեկ «Արմատ» մամուլի ակումբում պատասխանում քաղաքագետներ Լեւոն Շիրինյանն ու Արմեն Աղայանը :
Շիրինյանը շատ բարձր գնահատեց ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի պահվածքը ստորագրումից առաջ կատարված իրադարձությունների եւ բուն արարողության ընթացքում. «Մարդը արժանապատիվ ներկայացրեց Հայաստանի սկզբունքայնությունը», շեշտեց նա:
Ըստ բանախոսի` խիստ անհրաժեշտ է իրողությունը տեսնել այնպես, ինչպես կա, իսկ դա, ըստ Շիրինյանի, հետեւյալն է. «Թուրքերի (եւ, անշուշտ, նաեւ մեզ) համար կարեւորը Ղարաբաղի խնդիրն է: Նրանք այս հարցով շանտաժելու են մեզ Մեջլիսում` վավերացումների ժամանակ: Եվ եթե զարգացումներն այսպես շարունակվեն, ապա, ըստ իս, Մեջլիսը մերժելու է արձանագրությունները»:
Ինչ վերաբերում է փաստաթղթերի հայկական վավերացմանը, ապա չնայած պարոն Շիրինյանը դրանց մերժումը հնարավոր սցենար համարեց, սակայն ներքին ուժերի դասավորության պատճառով բացառեց այդ տարբերակը. «Մեր ԱԺ-ն կվավերացնի փաստաթուղթը», ասաց բանախոսը:
Ընդունելով, որ շրջադարձային պահերին մենք միշտ էլ անպատրաստ ենք եղել` Շիրինյանը կոչ արեց միավորել «համահայկական ինտելեկտը», հրավիրել միջազգային համապատասխան մասնագետների, քանի որ ըստ նրա. «Թուրքիան իր ազգային ռազմատենչ շահերից ելնելով` միշտ պոկում է իր ուզածը»:
Արմեն Աղայանը, «շոու» որակելով ցյուրիխյան արարողությունը, ասաց. «Առնվազն պետք է կասկած հայտնել, որ սա նախապես ծրագրված «թատրոնի» մի մասը կարող է լինել»: Ըստ Աղայանի, Հայաստանի իշխանությունների պահվածքը չի խոսում այն մասին, որ հայ-թուրքական մերձեցման ուղղությամբ նրանք ենթարկվել են արտաքին ճնշումների. «Ուղղակի, երբ Հայաստանը մտավ խաղի մեջ, այնտեղ արդեն այլ խաղացողներ կային»:
Հակադրվելով Շիրինյանին` պարոն Աղայանը շեշտեց, որ ղարաբաղյան հարցը, իհարկե, կարեւոր է Թուրքիայի համար, սակայն նրա համար ամենակարեւորը եղել եւ մնում է իր տարածքային ամբողջականության պահպանումը. «Այս առումով, կարծում եմ, Թուրքիան արդեն հասել է իր նպատակին` արձանագրությունների մեջ մտցնելով կետ սահմանների ճանաչման վերաբերյալ», հայտարարեց Աղայանը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա, ըստ բանախոսի, սա ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների ոլորտից է, այլ` հայ-թուրքական, որովհետեւ. «Հայ-ադրբեջանական հարաբերություններ, որպես այդպիսիք, չկան: Բացի այդ, Սերժ Սարգսյանը արտասահմանյան լրատվամիջոցներին բազմիցս է հայտարարել, որ «գրավյալ տարածքների» վերադարձման կապակցությամբ Հայաստանը խնդիր չունի. դա ե՛ւ Սարգսյանի, ե՛ւ նրա թիմի ներքին համոզմունքն է»:
Իսկ հայ-թուրքական հաշտեցումը գործնական փուլում տեսնելը Աղայանը հնարավոր համարեց միայն այն բանից հետո, «երբ Սերժ Սարգսյանը ստորագրի իր հերթական գաղտնի համաձայնագիրը, այս անգամ` Ղարաբաղի վերաբերյալ, դրանից հետո Մեջլիսը կվավերացնի արձանագրությունները, որին էլ կհետեւի մեր ԱԺ-ն: Եվ Հայաստանը կգնա դեպի կործանում»: Այս վտանգի բացառումը բանախոսը հնարավոր համարեց միայն Հայաստանի պետական համակարգի արմատական, խորքային փոփոխության` «չորրորդ հանրապետության» ստեղծման դեպքում:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ