«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամները` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, «Ժառանգությունից» հեռացված ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մտահոգ են երկրում տիրող իրավիճակից, մասնավորապես` հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված ցյուրիխյան փաստաթղթից: Նրանք երեկ հյուրընկալվել էին «Իրավունք դե ֆակտո» ակումբում ու ներկայացնում էին «վերկուսակցական» շարժման ստեղծման նպատակը, հետագա քայլերը:
Սկզբից հայտարարությամբ հանդես եկավ Վարդան Խաչատրյանը ` լրագրողների ուշադրությունը հրավիրելով մի քանի կետերի վրա: Վարդան Խաչատրյանի խոսքերով` այսօր ունենք տասնյակ կուսակցություններով ու խմբավորումներով տրոհված երկիր, ապակողմնորոշված ու մոլորված ժողովուրդ:
«Հայ մարդն այլեւս չի վստահում հին ու նոր քաղաքական ուժերին, արդարադատության համակարգին ու անքանակ հասարակական կազմակերպություններին: Ժողովուրդը խորապես հիասթափված է մտավորականության զգալի մասից, որը թալանից առաջացած իշխանավորների ճոխ սեղանից փշրանքներ ստանալու դիմաց պատրաստ է վաճառվել ու ծառայել ստին ու կեղծիքին», նշում է Վ. Խաչատրյանը ու հավելում, որ նման սպառնալիքներին դիմակայելու ունակություն մեր ժողովուրդը վառ կերպով դրսեւորել է 91 տարի առաջ, Սարդարապատի բախտորոշ օրերին. «Մենք հայտարարում ենք, որ հայ ժողովրդի փրկության բանաձեւը Սարդարապատի անպարտելի ոգու վերհահաստատումն է Հայաստանում: Այսպես է կոչվելու այն վերկուսակցական շարժումը, որին կոչ ենք անում զինվորագրվել բոլոր ազնիվ եւ նվիրյալ հայրենասերներին հայրենիքում եւ արտերկրում: Սրանով մենք հայտ ենք ներկայացնում ծառայելու եւ առաջնորդելու մեր ժողովրդին այս ճանապարհին»:
Ժիրայր Սեֆիլյանը , խոսելով իրենց շարժման նպատակների մասին, ասաց, որ գլխավոր նպատակն է ունենալ մի Հայաստան, որտեղ իշխելու են բարոյականությունը, արդարությունը, հայաստանակենտրոնությունը:
Ժիրայր Սեֆիլյանը խոսեց նաեւ ՀՅԴ-ի ակտիվության մասին. «Մեր փորձից տեղեկացնեմ, որ ամեն օր 800-1000 մարդ ստորագրում է մեկ կետում. եթե Դաշնակցությունը խնդիր դրած լիներ կասեցնել Սերժ Սարգսյանի դավաճանական ընթացքը, ապա ամենաքաղաքակիրթ ձեւն է մեկ միլիոն ստորագրություն հավաքել, դնել սեղանի վրա: Ինչու դա չարեցին, չունեին համապատասխան կառույց: Անշուշտ այս փաստը մեզ չի ուրախացնում, մենք շատ կուզեինք, որ բոլոր ազգային ուժերն իրոք իրենց առաքելության մեջ լինեին: Նրանց այդ նոր ձեւավորվելիք ազգային բեւեռ կոչեցյալը... մենք դրան վերաբերվում ենք ոչ լուրջ, տակավին անկեղծ չեն»:
Ժիրայր Սեֆիլյանը անդրադարձավ նաեւ Հայ ազգային կոնգրեսին իր անդամակցության մասին նշելով, որ իրենք աջակցել են Տեր-Պետրոսյանին, սակայն իրենք միշտ իրենց տարաձայնությունները բարձրաձայնել են եւ ասել են, որ երկար ժամանակ չեն կարող ձեռքերը ծալած նստել, իսկ այժմ ժամն է եկել գործելու. «Այդ դաշտը, որ Տեր-Պետրոսյանը գլխավորել է, ղեկավարել է եւ այդ դաշտում պայքարել է այս բռնատիրական ռեժիմի դեմ 1,5-2 տարի ամենաանկեղծ ձեւով, մենք այդ դաշտից երբեք դուրս եկողը չենք»:
Տիգրան Խզմալյանն էլ նշեց, որ «ցյուրիխյան տխրահռչակ փաստաթուղթը սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը»:
«Այս տխրահռչակ փաստաթղթի ստորագրումը նշանակում է, որ Հայկական հարցը թեւակոխել է մի նոր փուլ, որտեղ մեղավոր են գերտերությունները, որոնք լուռ համաձայնություն են տալիս նման քայլերին», ասում է Խզմալյանը:
Ն. Մ.