Գաղտնիք չէ, որ Երեւանում կանաչ տարածքները սակավաթիվ են: Հակառակ միջազգային չափանիշներին` քաղաքում ավելացնել կանաչ գոտիները, մենք` ընդհակառակը, դրանք օգտագործում ենք հանրախանութներ, սրճարաններ, էլիտար շենքեր կառուցելու համար: Նախորդ դարի 50-ականներին ստեղծված երեք կանաչապատ գոտիների մեծ մասը, որ կատարում էին առողջարարական դեր եւ մաքրում քաղաքը չորացնող քամիներից, էլեկտրաէներգիայի ճգնաժամի տարիներին ոչնչացվեցին: Բազմաթիվ բնապահպաններ քաղաքին համեմատաբար մոտ գտնվող կանաչ տարածք մատնանշում են «Ջրվեժ» անտառային պարկը, որը բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ex-situ պահպանության նպատակով ստեղծված հատուկ պահպանվող տարածք է: Երեւանցիները` զրկված լինելով կանաչ տարածքներից եւ հնարավորություն չունենալով հանգիստը կազմակերպելու բնության գրկում, օգտագործում են անտառապարկը` որպես միակ հասանելի հանգստյան գոտի: Բնապահպանների հավաստմամբ` Ջրվեժի անտառապարկը կարող է դառնալ էկոկրթության հրաշալի կենտրոն դպրոցականների եւ ուսանողների համար, քանի որ աչքի է ընկնում հարուստ բուսատեսակների ու կենդանատեսակների կենսաբազմազանությամբ: Տարածքն ունի բազմաթիվ նախադրյալներ էկոտուրիզմ զարգացնելու համար. միայն ծառատեսակների քանակը գերազանցում է 120-ը:
Բնապահպանները դժվարանում են գերագնահատել անտառապարկի առողջարարական ու էսթետիկական կարեւորությունը: Մինչդեռ վերջերս հայտնի է դարձել, որ անտառապարկի տարածքների մի մասը` 21.76 հա, օտարվել է: Հատվածը ղրիմյան սոճիների պուրակ է: ՀՀ կառավարության որոշմամբ փոխանցվել է Ողջաբերդի համայնքին: Այդ կապակցությամբ ԵՊՀ բուսաբանության ամբիոնի վարիչ Սիրանուշ Նանագուլյանը , ԵՊՀ էկոլոգիայի եւ բնության պահպանության ամբիոնի վարիչ Կառլեն Գրիգորյանը ու մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ նամակ են ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նրանք կասկածում են, որ Ողջաբերդի համայնքը ի վիճակի կլինի ապահովել պուրակի պահպանությունն, ու մտահոգություն են հայտնում, որ այդ «համեղ պատառը» մոտ ապագայում կդառանա ինչ-որ մեկի սեփականությունը:
«Ձեր իրավասության շրջանակներում է պահպանվել պարկի էկոհամակարգի ամբողջականությունը: Անտառապարկի պահպանումը կարող է փոխել հասարակության վերաբերմունքը նմանատիպ խնդիրների նկատմամբ ու միգուցե փոխել այն պատկերացումը, որ կանաչապատ տարածքների պահպանման հարցում տիրում են անպատժելիություն եւ ամենաթողություն: Չպետք է մոռանալ, որ բնության գանձերը պատկանում են բնակչությանը, այլ ոչ թե որոշ անհատների», գրված է նամակում:
Հ. Հ.