Հայ-թուրքական հարաբերությունները ներկայումս գտնվում են ակտիվ զարգացումների փուլում: Ընդ որում, դրանք, սկսվելով պաշտոնական շփումներով, այժմ թեւակոխել են ավելի լայն հարթություն` գրավելով բազմաթիվ տնտեսագետների ու քաղաքական գործիչների ուշադրությունը, ովքեր դեռեւս փորձում են գնահատական տալ, թե ի՞նչ ազդեցություն կունենա սահմանի բացումը տնտեսական մի շարք ցուցանիշների վրա:
Տնտեսագետների ոսումնասիրությունների համաձայն` սահմանի բացումը միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի արտահանման 17.7 տոկոսի, ներմուծման 13 տոկոսի եւ իրական ՀՆԱ-ի 2.7 տոկոս աճի: Հայ-թուրքական սահմանի բացումը բուռն քննարկումների թեմա է ոչ միայն քաղաքական հարթակում: Տնտեսագետներն արդեն սկսել են կանխատեսումները:
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ցավոք, բովանդակազուրկ քննարկումներ են, ի դեմս պաշտոնյաների, որոնք պնդում են, թե «էս ինչ լավ բան ենք արել», սրանք Սովետի էն ամենավատ սովորույթներով` գյուղի, կոլխոզի ժողովներն են: Հավանության են արժանացնում սահմանի բացումը, նշելով` թե ոչ մի նախապայման չկա: Կներեք, սա խնդիրը խեղաթյուրելու, իմաստազրկելու ճանապարհն է»:
Ըստ Բագրատ Ասատրյանի` թուրքական ապրանքները մրցունակ են, եւ առեւտուրը կարող է առավել զարգանալ հատկապես երկաթգծի աշխատելուց հետո. «Սահման բացելն առաջին հերթին նշանակում է`արդյոք աշխատելո՞ւ է երկաթուղին: Ինչպիսի՞ սակագներ են լինելու, արդյունավե՞տ է աշխատելու երկաթուղին: Երկաթուղու աշխատելու պարագայում ինչպիսի՞ն է լինելու Ախալքալաք-Կարս երկաթգծի ճակատագիրը»:
Որ սահմանի բացումը տնտեսական բարենպաստ պայմաններ կարող է ստեղծել` համոզված է տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը :
«Այն ընկերությունները, որոնք այսօր թողարկում են արտադրանք եւ թափանցում են հայկական շուկա, զուտ թուրքական ընկերություններ չեն: Դրանք մեծ մասամբ համատեղ ձեռնարկություններ են` թուրք-ֆրանսիական, թուրք-ամերիկյան, թուրք-գերմանական, որոնցից շատերը երբեմն անգամ չեն նշում, որ համատեղ ձեռնարկություններ են: Այսինքն, խիստ դժվարանում է նման հարեւանի հետ տնտեսական մրցակցությունը, եթե պատրաստ չէ երկիրը, եթե ազգային տնտեսության մրցունակությունը չի հասել բավարար մակարդակի», նկատում է Թաթուլ Մանասերյանը:
ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արա Նռանյանի կարծիքովՙ սահմանի բացումով հնարավոր չի լինելու հայկական որոշ ապրանքներ արտահանել Թուրքիա, քանի որ այնտեղ գործում են մաքսատուրքի կիրառման խստագույն օրենքներ. «Թուրքիայի գյուղատնտեսական արտադրողները ստանում են արտահանման լրավճարներ եւ զգալի պաշտպանություն, ինչն արտահայտվում է պաշտոնական ուղղակի աջակցությամբ, գնային աջակցությամբ եւ բարձր մաքսատուրքերով (միջինըՙ 46.7 տոկոս): Վերջինս մեծ մասամբ կարող է շուկա չթողնել ամեն մի ներմուծողի»:
Չնայած մեր տնտեսագետներն ու քաղաքական գործիչները տարբեր մոտեցումներ ունեն հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ, այնուամենայնիվ միակարծիք են, որ պետք է մշակել ռազմավարություն, որպեսզի մեր առավելություններն օգտագործվեն տարածաշրջանում տնտեսապես ամրապնդվելու համար:
Ն. Մ.