Հայաստանի քաղաքական դաշտը հստակվեց ինքն իրեն, առանց առանձնակի եւ կողմնակի ջանքերի (որ դրանք կան` ապացույցներ շատ էլ պետք չեն` «Ժառանգության» հետ պատահածը հերիք է), այլ միայն հայ-թուրքական արձանագրությունները եւ հայ-թուրքական հարաբերությունները որպես ինդիկատոր ունենալով: Չգիտենք, դա Աստծո նվե՞րն էր իշխանության, Դաշնակցության, թե հենց «Ժառանգության» համար, բայց դա տեղի ունեցավ: Սկսենք վերջինից. այս վերջինը, ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, շատ վաղուց էր ուզում պոկվել ՀԱԿ-ի հետ համագործակցելուց, քանի որ ՀԱԿ-ի առաջնորդն ու Րաֆֆին բնության օրենքներով հենց միասին լինել չէին կարող, մենք չէինք դադարում զարմանալ այս համագործակցությունից, քանի որ երկու գործիչներն իրար չսիրելու բազմաթիվ առիթներ ու պատճառներ ունեին` սկսած հենց ցեղասպանության թեմայով Տեր-Պետրոսյանի ժամանակ արտգործնախարար Րաֆֆու հրաժարականից, մինչեւ «Ժառանգության» վերջին համաժողով, երբ Տեր-Պետրոսյանը բարձրացավ ամբիոն եւ իրենով արեց համաժողովը` նսեմացնելով ժառանգականներին: Մի խոսքով` հայ-թուրքական առիթը ե՛ւ «Ժառանգության», ե՛ւ նրա նախկին առաջնորդին` ՀԱԿ-ից քաղաքակիրթ բաժանման` առանց միմյանց հայհոյելու պարագան ապահովեցին, իսկ միմյանց ուղղված համագործակցության հեռակա հաթաթաները քաղաքական կատեգորիա չեն, ՀԱԿ-ի առաջնորդի իսկ սիրած բնորոշմամբ: ՀՅԴ մասով. վերջինս հա ուզում էր ընդդիմություն դառնալ, քանի որ կորչում էր կոալիցիայում. մարտի մեկի առիթը, ճիշտ է, առիթ էր, հասարակ հայ մարդիկ էին զոհվել, բայց ՀԱԿ-ն էր օգտագործելու էր դիվիդենտները, ինչպես այլ դեպքերում օգտագործեց, եւ ՀՅԴ մտքամոլոր էր, բայց այդպես էլ էլի ընդդիմություն չդարձավ, այլ միայն դուրս եկավ կոալիցիայից, այդ քայլն էլ կամաց-կամաց խունանում էր: Ահա` հայ-թուրքական հարաբերությունները, եւ ազգային թեման նվիրեցին ՀՅԴ-ին, եւ նա լիուլի օգտագործում է դա` ինքն իրեն ընդդիմություն զգալու: Իրական, թե ոչ այնքան` դա էլ ժամանակը ցույց կտա, դե դեռ հրաժարական չեն ուզում` սեպելով. «Իշխանափոխությունը նպատակ է կոնգրեսի համար, նրանք այդ նպատակին հասնելու համար պատրաստ են ծառայեցնել ամեն միջոց, օրինակ` հայ թուրքական հարաբերությունները, Ղարաբաղի հարցը, ժողովրդի սոցիալ տնտեսական իրավիճակը» (Վ. Հովհաննիսյան):
Այսինքն` կամա, թե ակամա` ՀՅԴ-ն ոչ միայն այս խնդրի վրա ինքն է տաքանում, այլեւ ժողովուրդ սառեցնում ՀԱԿ-ից, որը հազիվ թե այլեւս կարողանա իր կայարանից փախած ու ՀՅԴ կայարանին մոտեցող գնացք թռչել: Իսկ ահա իշխանությունը, որ այս անգամ ՀՅԴ հանրահավաքը չթույլատրելով` ակամա հայտնի է դարձնում, որ նյարդերն անգամ իր նախկին գործընկեր ՀՅԴ-ի պաստառներին եւ «Ոչի» երկինք արձակված փուչիկներին չեն դիմանում, հաստատ շահած դուրս եկավ ՀԱԿ-ի դեպքում, այս ուժն իր զորությունը հանձնեց հայ-թուրքական ալիքին եւ էլ հետ չի ստանա, ու հազիվ թե այլեւս անհանգստացնել կարողանա իշխանությանը: Իշխանությունը շահում է նաեւ նրանով, որ հայ-թուրքական փխրուն համաձայնության պարագայում` թուրքական նախապայմանների նորանոր հնչեցման կամ անգամ վավերացման ժամանակ վերապահումներ մտցնելու դեպքում` դեմ կանի ՀՅԴ հանրահավաքները, թե տեսեք, երկրում հեղափոխություն կլինի, նախագահի հրաժարական գուցե եւ պահանջեն, սա` անկախ դիվանագիտական արսենալի օգտագործումից: Բայց իշխանությունն այժմ նաեւ ստանում է վերահսկողությունից դուրս եկող ՀՅԴ, քանի որ ի սկզբանե չգիտենք` ինքնաբուխ է եղել ՀՅԴ-ի բարձրացրած ալիքը, թե այնուամենայնիվ` վերահսկելի, այժմ ՀՅԴ-ն հասկացել է, որ կարող է այս ալիքի կառավարումն ինչ-որ չափով կամ ինչ-որ թելերով իր ձեռքում պահել, այսինքն` ուրիշների թելադրած խաղի դեմ իր ինքնուրույն խաղն է հակադրում, եւ դա կարծես ինչ-որ չափով սկսել է նյարդայնացնել իշխանությանը: Արդյոք ՀՅԴ-ի պահվածքում քաղաքական հեռանկար կա՞ (մամուլը սիրում է ծամել, թե բա` Քոչարյան, Օսկանյան, Սիվիլիթաս եւ այլ թասեր), արդյոք քուրսու տակ ձվեր պե՞տք է փնտրել, դեռ պարզ չէ, քանի որ ՀՅԴ շարքերն անկեղծորեն դեմ են հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը:
Իսկ ահա ՀԱԿ-ը, չնայած ամեն օր ասուլիս տվող իր մի քանի գործիչներին, հազիվ թե այլեւս մարդաշատ հանրահավաք կարողանա ապահովել (դե, իսկական հանրահավաքը սկսվում է գոնե մի 10 հազարից), որովհետեւ տեսաք` հայերը ավելի հայ-թուրքական հանրահավաքն են գերադասում, քան թե սոցիալական բեւեռացման եւ «ավազակապետության» դեմ կարգախոսներովը, մանավանդ որ վերջինս շատ կրկնվելով` խունացել էր վերջնականապես:
Հիմա չի երեւում, թե հատկապես ո՞ր սցենարով կգնան զարգացումները հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հանգրվանում, արդյոք մերո՞նք են ավելի շատ բողոքելու, քան թուրքերը, նրանց արմատական շրջանակները, արդյոք բանը կարո՞ղ է հասնել մեր խորհրդարանին կամ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի նշած ողջամիտ ժամկետին (մինչեւ գարուն), վերջին դեպքում ՀՅԴ-ն շատ ավելի ժամանակ կունենա իր վարքագիծն ամբողջացնելու, բայց մի փաստ առայժմ հստակ կարելի է նշել. այնուամենայնիվ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտը հայ-թուրքական հարաբերությունների պատճառով փոխեց իր կոնտուրները:
Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ