Կառուցումն ու տեղադրումը` ընդամենը 7 օրում
«Մ եւ ՄԱՎՌ» կղմինդրներ եւ կերամիկա արտադրող ԲԲ ընկերությունում կայացավ նոր արտադրության առաջին օրինակի շնորհանդեսը, որին ներկա էին ԳԱԱ փոխպրեզիդենտ, ակադեմիկոս Յուրի Շուգուրյանը, ՀՀ գլխ. ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ճարտարապետներ, ինժեներներ, կոնստրուկտորներ եւ այլ շահագրգիռ մասնագետներ: Գործարանի տնօրեն Ռաֆիկ Գեւորգյանը հյուրերին ուղեկցեց ընկերության նիստերի դահլիճ, որտեղ կայացավ գործարանի նոր արտադրանքների ցուցադրությունն ու դրանց յուրահատկությունների մասին բացատրությունը: Ընկերության նախագահ, գլխավոր տնօրեն, տնտ. գիտ. դոկտոր Միքայել Համամչյանը բացելով շնորհանդեսը նշեց, որ հանդիպման առիթը եղել է այն, որ վերջին 4 տարվա ընթացքում ստեղծել է երկու նոր նյութ` ջերմամեկուսիչ թեթեւ շինաքար «Ամուռկավ» ապրանքային անվանումով (այն բաղկացած է տուֆի թափոններից եւ Լանջազարի դյուրահալ կավի խառնուրդից) եւ մյուսը` վարդանային ավազներից պատրաստված մեկ այլ շինաքար: Երկրորդի վրա ուշադրությունը չկենտրոնացնելով, պրն Համամչյանը սկսել է զանգվածային արտադրության դնել ամուռկավ շինաքարի փորձարկումը: Իսկ օգոստոսի 1-ին նյութն արդեն դրվել է արտադրական ընթացքի մեջ: Այդ շինաքարից որոշվեց կառուցել «Նոր տուն» ու դրա նախագծման ու շինարարարական աշխատանքները մեկ ամսից պատրաստ էին արտադրության: «Նոր տուն» արտադրանքը մետաղական կառուցվածքի վրա «Ամուռկավով» շարված շինություն է: Մասնագետներին նախ մանրամասն ներկայացվեց «Նոր տան» գծագրերը, աշխատանքների հերթականությունն ու հետո ավարտուն տեսքը: Մոտ մեկ ժամ տեւած մասնագիտական քննարկումից, առաջարկներից ու դիտողություններից հետո, մասնակիցները գործարանի բակում ծանոթացան «Նոր տուն» առաջին նմուշին ու տեսան քիչ առաջ ցուցադրված նյութերը: «Ազգի» թղթակիցը նույնպես շրջեց գործարանային արտադրության մեկ հարկանի 54 քառ. մետր տարածքով բնակարանում: Տունը բաղկացած է մի քանի առանձին մոդուլներից, որոնք գործարանում են կառուցվում ու հետո յուրաքանչյուր մոդուլը առանձին-առանձին ավտոտրանսպորտով տեղափոխվում է տեղադրման վայր, որտեղ նախապես պատրաստված բետոնահենակների վրա տեղադրվում եւ հավաքվում է 2 օրում: Այնուհետեւ տեղադրման վայր է տեղափոխվում տանիքը եւ մոնտաժվում է տան կառույցի վրա երեք օրվա ընթացքում ու նաեւ կղմինդրապատվում: 54 քմ նոր տան օրինակը բաղկացած էր երեք բնակարանից` երկու ննջարան (7,35 քառ. մ), մեկ ընդհանուր սենյակ (14,7 քառ. մ), խոհանոց (10,7 քառ. մ), սանհանգույց (3,82 քառ. մ), խորդանոց (1 քառ. մ) եւ փոքրիկ պատշգամբ (6 քառ. մ): Սակայն բնակարանի մոդուլները (տեղափոխման հետ կապված բարդությունների պատճառով) չեն կարող գերազանցել 3,2x7,0x3,0 քառ. մ, իսկ տան հատակագիծը ըստ պատվիրատուի ցանկության կարող է նախագծվել: Տունը մոնտաժվելուց հետո սպառողը տան ետեւում գտնվող պահարանին միացնում է անհրաժեշտ կոմունիկացիաները` ջուր, գազ, էլ. հոսանք, կոյուղի, որից հետո բնակարանը պատրաստ է ապրելու համար: Տան պատերը շարված են 16 սմ լայնությամբ ամուռկավով, իսկ միջնապատերը 10 սմ նոր ջերմամեկուսիչ արհեստական քարով եւ գաջապատված են: Տան պատերը արտաքինից սվաղված են ցեմենտավազային շաղախով, որի ջերմային դիմադրողականությունը կազմում է 2,7 քառ. մ CO/Վտ (համարժեք է 80 սմ լայնության տուֆով շարված պատի դիմադրությանը): Պատուհաններն ու դռները մետաղապլաստից են, մուտքի դուռը` երկաթյա: Առաստաղը երկշերտ է` 10 սմ ամուռկավ եւ 5 սմ երկաթյա կմախքով բետոն: Հատակը եռաշերտ է ու երեսապատված է գործարանային արտադրության կերամիկական սալիկներով:
«Ազգը» փորձեց ճշտել, թե քանի՞ տարվա երկարակեցություն ունի եւ սեյսմակայո՞ւն է արդյոք «Նոր տուն» արտադրանքը, պրն Համամչյանն ասաց. «Մեր արտադրանքը տաք տուն է, երկարակյաց` 50 եւ ավելի տարի կարող է շահագործվել, սեյսմակայուն է, քանի որ երկաթբետոնյա կմախքով է կառուցված: Բացի այդ, շարված է «Ամուռկավ» նոր ջերմամեկուսիչ, էկոլոգիապես մաքուր շինանյութերով»: Հետաքրքրական էր, իհարկե, տեղեկանալ ՀՀ գլխ. ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կարծիքին. «Միանշանակ շատ կարեւոր ու անհրաժեշտ է այս նոր տան արտադրությունը, դրանով մենք կարող ենք հանրապետության մարզերում լուծել բնակարանային խնդիրը: Իհարկե, դեռ շատ հարցեր կան, որոնք մասնագետների հետ պետք է նորից քննարկենք ու վերջնական տարբերակից հետո քաղաքաշինության նախարարության կողմից լիցենզիա ստանալուն պես, սկսվի սերիական արտադրությունը: Ասեմ, որ վերջապես մեր համայքները նման տներով իրենց դիմագիծը կունենան», նշեց պրն Սարգսյանը:
«Նոր տուն» գործարանային արտադրանքի շնորհանդեսին ներկա էին նաեւ Հայկական զարգացման գործակալության ներկայացուցիչները, որոնք նույնպես կարեւորեցին նման տների գործարանային արտադրությունը: Կարծում ենք նման «Նոր տուն» արտադրանքը ոչ միայն երիտասարդ ընտանիքների համար կլինի դժվար կացությունից դուրս գալու ելք, քանզի այդ տան գինը 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է կազմել, այլեւ սփյուռքահայերի համար, որոնք 7 օրվա ընթացքում մայր հայրենիքում իրենց տունը ունենալու հնարավորություն կունենան:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Արտաշատ-Երեւան