Ամեն ինչ սովորականի պես էր, հանդիպական քամու արագությունը վայրկյանում մոտ տասը մետր էր: Ալիքների ճերմակ փրփուրներ, սեւ ամպեր, որոնց արանքից մերթ ընդ մերթ երեւում էր արեւը: Ալեկոծությունը դեռ այնքան էլ ուժեղ չէր:
Բայց ահա անսպասելիորեն ամեն ինչ փոխվեց: Այնպիսի տպավորություն էր, ասես հարավային կողմից մոտենում է ինչ-որ ծանր, ձիգ զանգված: Քամու արագությունը միանգամից հասավ վայրկյանում 17 մետրի: Անմիջապես նավապետի շուրջը խմբվեցին Հայկը, Արմենը, Մուշեղը եւ Վահագնը: Ամեն ինչից երեւում էր, որ խոսքը քամու ինչ-որ կարճատեւ պոռթկումի մասին չէ:
Հորդառատ անձրեւը թույլ չտվեց մնալ նավախցերում: Ամբողջ անձնակազմը «Արմենիայի» տախտակամածի վրա է: Գործում է միայն մեկ առագաստՙ երկրորդ ստաքսելը: Ուժեղ քամին մոռացնել է տալիս անգին մղոնների կորուստները: Ղեկակալը պետք է հետեւի մոտեցող գրեթե բոլոր հսկայական ալիքներին, շրջանցի դրանք կամ նույնիսկ բարձրանա դրանց կատարին: Հատկապես դժվար է մանեւրել մթության մեջ:
Այդ սարսափելի պահերին մտածում ես միանգամայն ուրիշ ժամանակիՙ վաղվա օրվա կամ առհասարակ ապագայի մասին: Ալիքների հազարավոր հատվածներ:
Ինչ-որ պահի հայտնվեցի խոհարար Սամվել Սարգսյանի հետ դեմ դիմաց: Նա այդ փոթորիկը համեմատեց Հորն հրվանդանի մոտ սպասվող փոթորկի հետ: Ես պատասխանեցի, որ տեսականորեն թերեւս տարբերություն չկա, միայն ինձ թվում է, թե ահազդու Հորն հրվանդանի մոտ միշտ մութ է լինում:
Բայց մենք դեռ կխոսենք Հորն հրվանդանի մասին: Ես կանգնեցի դեմքով դեպի նավաքիթը: Հայացքով ակամա հետեւում էի ամենամեծ ալիքի շարժմանը: Երբեմն այն կորչում էՙ խառնվելով ուրիշ ալիքի: Դիտելը դժվարացավ. արեւը մայր է մտել: Միայն երկու-երեք ժամ հետո լուսնի թույլ լույս երեւաց:
Մթության մեջ մնում է հույս դնել սարքերի, հոտառության եւ փորձի վրա: Անկարելի է չմտածել ալիքների հարվածներին ենթակա նավի իրանի մասին: Ո՞վ գիտի, թե այնտեղ ինչ է կատարվումՙ բառացիորեն բջջային մակարդակով: Ազնվորեն կասեմ, որ նավախելի վրա Հայաստանի պետական դրոշի առկայությունը մեզ պարզապես պարտավորեցնում է ապրել եւ ծառայելՙ պատասխանատվության ընդգծված զգացումով:
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, «Արմենիա», Խաղաղ օվկիանոս