«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2009-10-13 | #185, 2009-10-14 | #186, 2009-10-15


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԱՅՔԼ ԲՈԲԵԼՅԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Նյու Յորքի «Սիմոն եւ Շուստեր» հրատարակչատունը լույս է ընծայել Մայքլ Բոբելյանի «Հայաստանի երեխաները: Մոռացված ցեղասպանությունը եւ մեկդարյա պայքարը արդարության համար» խորագրով 308 էջանոց ուսումնասիրությունը: Ըստ Ռիչարդ Հովհաննիսյանի (Կալիֆոռնիա համալսարանից, Լոս Անջելես), որը գրախոսել է հատորը, հեղինակը, հավատարիմ մնալով առեղծվածային ոճին եւ օգտագործելով Սամանթա Փաուերի եւ այլ հեղինակավոր գրողների մոտեցումները, կարողացել է գրական բարձր ճաշակով եւ կենդանի նկարագրություններով միահյուսել պատմականն ու անձնականը:

Ուսումնասիրության մեջ պատմական ակնարկի շրջանակներում բերվել են հետպատերազմյան թուրքական ռազմադաշտային դատարանի որոշումների չկատարումը, արդարության վերականգնման նպատակով վրեժխնդիր հայերի ձեռնարկած գործողություններըՙ տապալելու ցեղասպանության բուն «գործադիր ճարտարապետներին», անկախ Հայաստանի հանրապետություն ստեղծելու պայքարը եւ թուրքական իրարահաջորդ կառավարությունների մարտավարությունըՙ մոռացության տալու կատարվածը:

Հակառակ որոշ անճշտություններին, որոնք առնչվում են թվականներին, դեպքերի հաջորդականությանը, աշխարհագրական տեղանքին եւ բառեզրերին, գիրքն ընդհանուր առմամբ գրավիչ է, որովհետեւ Բոբելյանն այնտեղ ներառել է ոչ միայն բազմաթիվ կարեւոր անձնավորությունների հետ իր ունեցած հարցազրույցները, այլեւ Մ. Նահանգների պետքարտուղարության եւ այլ կառույցների արխիվներում թեմային առնչվող փաստաթղթերի իր ուսումնասիրությունները, որոնք հատորը դարձնում են նշանակալի ներդրումՙ հասկանալու համար հնարավորություններն ու սահմանափակումները քարոզչական խմբավորումների, որոնք, ունենալով հանդերձ բարոյական ամուր հիմքեր, չունեն բավարար քաղաքական ուժգնությունՙ առաջ տանելու իրենց գաղափարախոսությունը, եզրափակել է Ռիչարդ Հովհաննիսյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4