Հոկտեմբերի 17-ին Բեռլինում Արթուր Աբրահամի եւ Ջերմեն Թեյլորի մենամարտով կսկսվի 2-րդ կիսամիջին քաշային կարգի 6 ուժեղագույն բռնցքամարտիկների մրցավեճն աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար: Նախնական փուլում բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը 3 մենամարտ կանցկացնի: Առավելագույն միավորներ վաստակած բռնցքամարտիկներն իրավունք կստանան եզրափակիչում վիճարկելու բացարձակ չեմպիոնի տիտղոսը: Աբրահամ-Թեյլոր մենամարտի առիթով www.boxen.com կայքէջում հարցազրույց է տպագրվել հայ բռնցքամարտիկի հետ, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:
- Պարոն Աբրահամ, Թեյլորի պրոմոութեր Լու Դիբելան հայտարարել է, որ իր սանը կխլի աշխարհի չեմպիոնի գոտին: Ինչպե՞ս եք վերաբերում նման հայտարարությանը:
- Յուրաքանչյուրը կարող է երազել: Սակայն ռինգում ամեն ինչ հնարավոր է, որ այլ կերպ ընթանա:
- Ի՞նչ կարծիքի եք Թեյլորի մասին:
- Անկասկած, նա համաշխարհային կարգի բռնցքամարտիկ է: Թեյլորը երկու անգամ հաղթել է Հոպկինսին եւ միջին քաշում նվաճել է բոլոր 4 գոտիները: Մենամարտը շատ հետաքրքրական կլինի:
- Դուք տեղափոխվել եք քաշային ավելի ծանր կարգ: Դա նախապատրաստական գործընթացի վրա շա՞տ է ազդել:
- Եվ այո, եւ ոչ: Մարզումներն ընթանում են սովորականի պես, ոչինչ չենք փոփոխել: Սակայն այժմ ավելի լավ տրամադրությամբ եմ մարզվում, քանի որ արդեն քաշ գցելու անհրաժեշտություն չկա: Այդ գործընթացն ինձ մշտապես դժվար է տրվել: Վերջապես ազատվեցի դրանից:
- Ամբողջ աշխարհն է հետեւելու հոկտեմբերի 17-ին կայանալիք ձեր մենամարտին, որը 6 ուժեղագույնների մրցաշարում առաջին հանդիպումն է: Դա ձեզ լրացուցիչ խթան կտա՞:
- Ոչ: Ինձ համար ամեն ինչ սովորականի պես է: Ցանկանում եմ շահել մենամարտը եւ ուրախ եմ, որ ողջ աշխարհի մարզասերները հետեւելու են մեր հանդիպմանը: Այս մրցաշարից հետո ցանկություն ունեմ Ամերիկայում էլ «սուպերաստղ» դառնալ:
- Որքանո՞վ է այս մրցաշարը կարեւոր ձեզ համար:
- Դա ամենալավ հնարավորությունն է Ամերիկայում եւս ուժեղ մրցակիցների հետ մենամարտելու, ինչպես Մեյվեզերն ու Դե լա Հոյան: Հռչակավոր բռնցքամարտիկ դառնալու համար հարկավոր է Ամերիկայում վայելել տեղի մարզասերների սերն ու համակրանքը: Այնպես որ այս մրցաշարն ինձ համար շատ կարեւոր է:
- Սեփական հարկի գործոնը կօգնի՞ քեզ առաջիկա մենամարտում:
- Շատ ուրախ եմ, որ Թեյլորի հետ մենամարտում հնարավորություն կունենամ համակիրների աջակցությունը ստանալ: Ինձ համար մեծ պատիվ է առաջինը մենամարտել չեմպիոնների մրցաշարում: Դա հրաշալի ներկայացում կլինի:
- Վերադառնանք Թեյլորին: Նա ձեզանից ավելի...
- Ռինգում հաղթում է ոչ թե նա, ով ավելի բարձրահասակ կամ ծանր է, կամ էլ ուժեղ է, այլ ավելի խելացի է:
- Դուք գո՞հ եք մարզումների ընթացքից:
- Մարզումները դեռեւս շարունակվում են: Ուզեդոմ կղզու հյուրանոցում շատ հանգիստ է, մարզվում եմ, ուտում ու քնում եմ: Ռինգ դուրս կգամ հիանալի պատրաստված: