«Ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայությունը բացահայտել է. ճանապարհների բարեկարգման ժամանակ մեծ գումարներ են փոշիացվել», կառավարության երեկվա նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետը: Հերթական գումարը հատկացվել է տրանսպորտի եւ կապի նախարարությանը, իսկ նախարարին տրվել է հստակ հանձանարարական` հետեւել, որ գումարները չփոշիանան:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն առաջարկեց, որ ամեն տարի հուլիսի 21-ին նշվի բուժաշխատողի տոնը:
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի առաջարկով 1 մլրդ 700 մլն դրամ գումար հատկացվեց հանրապետության 26 ճանապարհների բարեկարգման համար: Այս վարկը, վարչապետի խոսքերով, դժվար ձեռքբերված դրամական միջոցներից է: Գումարի նկատմամբ էլ առավել ուշադիր պետք է լինի տրանսպորտի ու կապի նախարարը: Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ նա աչալրջորեն պետք է հետեւի, որ հատկացված գումարը չփոշիացվի:
Մեկ այլ որոշմամբՙ կառավարությունն արգելում է ՀՀ մաքսային սահմանով «արտահանում ազատ շրջանառության համար», «ժամանակավոր արտահանում», «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» եւ «ներմուծում անմաքս առեւտրի խանութ» մաքսային ռեժիմներով անմշակ փայտանյութի տեղափոխումը, որի արդյունքում հնարավոր կլինի հսկել անմշակ փայտանյութի արտահանումը: Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանում ապօրինի անտառահատման դեմ պայքարի անհրաժեշտությամբ, մասնավորապես ՀՀ մաքսային տարածքից անմշակ փայտանյութի արտահանման կանխմամբ:
Իր երկու որոշումներով ՀՀ կառավարությունը Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրու լեռնաբազուկի հարավային լանջերի, ինչպես նաեւ Մեղրի, Շվանիձոր եւ Նյուվադի գետերի ջրահավաք ավազանների տարածքներում Սյունիքի մարզում ստեղծել է 34401,8 հա ընդհանուր մակերեսով «Արեւիկ» ազգային պարկը, իսկ նույն մարզի Բարգուշատի լեռնաշղթայի հարավային եւ Զանգեզուրի լեռնաշղթայի արեւելյան լանջերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանությունը ապահովելու նպատակով Կապանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս պետական սեփականություն 17368,77 հա տարածքում` «Զանգեզուր» պետական արգելավայրը:
Ակնկալվում է, որ որոշման կենսագործմամբ կբարելավվեն բնապահպանական աշխատանքները, ինչպես նաեւ աստիճանաբար լուծում կստանան տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները:
Ն. Մ.