«Իսլամական կոնֆերանսում» Հայաստանը որպես ագրեսոր, տարածքների բռնազավթող եւ համաշխարհային իսլամական մշակույթը ոչնչացնող ճանաչելու դեմ երեկ «Արմատ» մամուլի ակումբում իրենց բողոքը հայտնեցին «Նորավանք» գիտակրթական համալիրի փորձագետ Արաքս Փաշայանը եւ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Պարոն Կարապետյանը տեղեկացրեց, որ Ղարաբաղում իսլամական ամենավաղ հուշարձանները հայտնվել են միայն 14-րդ դարում. «Դրանք հիմնականում գերեզմանային հուշարձաններ են, դամբարաններ: Ընդ որում դրանք ադրբեջանական չեն, այլ պատկանում են թուրքմեն ժողովրդին, սակայն յուրաքանչյուրի մեջ նկատվում է հայկական ճարտարապետության շունչը, նկատվում է, որ կառուցողները եղել են հայեր», ասաց Կարապետյանը:
Բանախոսը տեղեկացրեց նաեւ, որ իսլամակամ` իրանական մզկիթներ Ղարաբաղում հայտնվել են արդեն 16-17 դարերում. «Աղդամ քաղաքի թաթարական մզկիթն ավելի ուշ ժամանակաշրջանի կառույց է, որը, նկատեք, կանգուն է մինչ այսօր», շեշտեց հուշարձանագետը:
Պարոն Կարապետյանը վկայեց, որ Ղարաբաղում իսլամական եւ ոչ մի հուշարձանի վրա չկան ադրբեջանական գրություններ, բոլորն արաբերեն են. «Կարեւոր եմ համարում նշել նաեւ, որ ԼՂՀ իշխանությունները հատուկ միջոցներ են հատկացրել այդ հուշարձանները պահպանելու համար», նկատեց բանախոսը:
Արաքս Փաշայանի կարծիքով` Ադրբեջանն այս «մշակութային բողոքներով» ընդամենն ուզում է օգուտներ քաղել Ղարաբաղի հարցում: Նա նաեւ տեղեկացրեց, որ «Իսլամական կոնֆերանսը» 1992-ից մինչեւ հիմա Հայաստանը ներկայացնում է որպես «մարդկության դեմ հանցագործություն կատարած երկիր»: «Այս առումով կարծում եմ, որ մեր ԱԳՆ-ն որոշ հակընդդեմ քայլեր արել է, սակայն այդ քայլերի անհրաժեշտություն միշտ է պետք, քանի որ, ի տարբերություն Ադրբեջանի, որը կարողանում է թեկուզ սուտ տեղեկություններն արագ տարածել, հայկական կողմը նույնիսկ ճշմարտությունը «դժվարանում» է ասել», նկատեց Փաշայանը:
«Մենք պետք է ցույց տանք իրականությունը,- միջամտեց Կարապետյանը,- պետք է ցույց տանք, որ Ադրբեջանը քրիստոնեական հուշարձաններ է ավերում: Տեսեք, Նախիջեւանում ունեցել ենք 218 եկեղեցիներ, հիմա դրանցից ոչ մեկը կանգուն չէ, բոլորը ոչնչացվել են պետական, շեշտում եմ, պետական ծրագրերով: Սա է, որ մենք պետք է ներկայացնենք»: Պարոն Կարապետյանը չի տեսնում հայկական պետության միջամտությունը այս հարցում. «Նախկին արտգործնախարարին մենք էինք մատնանշում խնդիրները, մինչդեռ հակառակը պետք է լինի, իսկ ներկա ԱԳ նախարարի հետ դեռ չենք հարաբերվել»:
Բանախոսներն անդրադարձան նաեւ վերջերս հրատարակված «Արեւմտյան Ադրբեջան» գրքին, որում, հիշեցնենք, զետեղված են մեր Գառնիի հեթանոսական տաճարը, Էջմիածնի մայր տաճարը, բազմաթիվ այլ քրիստոնեական եկեղեցիներ, որպես, այսպես կոչված, «արեւմտյան Ադրբեջանի» մշակութային արժեքներ: Արաքս Փաշայանը նկատեց, որ ադրբեջանցիները առիթը բաց չեն թողնում Ղարաբաղի մասին գիրք գրելու, իսկ Կարապետյանը հիշեցրեց, որ տվյալ գիրքը սկսվում է նախագահ Ալիեւի ողջույնի խոսքով, այսինքն` մենք խոսում ենք կրկին պետական ծրագրի մասին, որը, փաստորեն, Հայաստանի պարագայում, ցավոք, լրիվ բացակայում է:
Վերջում պարոն Կարապետյանը փաստեց, որ Հայաստանում եւ Արցախում իսլամական (հիմնականում թուրքմենական) մշակույթի պահպանման վերաբերյալ կնքվել է հայ-թուրքմենական համաձայնագիր. «Ասեմ նաեւ, որ Ղարաբաղում Պարգեւ սրբազանն ինքն է հովանավորում իսլամական մզկիթներից մեկի վերանորոգումը», ավելացրեց բանախոսը:
Հուշարձանագետն առաջ քաշեց նաեւ մի միտք, որ եթե չլինեինք մենք, մեր հուշարձանները անպայման կպահպանվեին. «Բայց քանի որ կա տերը` ոչնչացնում են»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ