2005-ի գարնանը «Կիլիկիայի» անձնակազմը պատրաստվում էր Եվրոպայի շուրջը յոթ ծովերով նավարկության երկրորդ փուլին: Այն ժամանակ, ինչպես եւ անցյալ տարի, նավապետ Կարեն Բալայանին առանձնապես մտահոգում էր խոհարարի պաշտոնը: Նախկին խոհարարըՙ Արթուր Համբարյանը, ինքն էր խոստովանում, որ այդ գործն իր համար չէ: Մանավանդ որ ինքը մասնագիտությամբ բժիշկ էր: Ամբողջ առաջին փուլում նա օրական կերակրում էր տասնինը մարդու: Դժոխային աշխատանք էր: Եվ ոչինչ. բոլորս ողջ-առողջ ենք:
Տվյալ հարցը հանձնարարեցին Արիկ Նազարյանին: Եվ շուտով նա գտավ հարմար մեկինՙ իր վաղեմի ընկեր եւ գործընկեր Սամվել Սարգսյանին, որի հետ Բալթիկ ծովում 1984-ին լազերային սարք էր փորձարկել «Լեւ Տիտով» գիտահետազոտական նավի վրա:
Սամվելը բարձրահասակ է Քեռի Ստյոպայի պես եւ շատ նիհար: Նա միանգամից համաձայնել էր «Կիլիկիայի» վրա խոհարար աշխատելու առաջարկությանը, քանի որ շատ էր ուզում նավարկել: Այսօրՙ չորսուկես տարի անց, կարող եմ ասել, որ Սամվելի մեջ հուրը շատ վաղուց վառված է նավաստու աստվածատուր կայծից: Նրա մասին պատմել եմ իմ «Կիլիկիա»-ճանապարհ դեպի օվկիանոս» գրքում: Նա ծառայել է Բալթյան նավատորմում: Բայց հիմա ուզում եմ պատմել խոհարար Սամվել Սարգսյանի մասին:
Չէի ասի, թե գիտեր ճաշ պատրաստել, բայց, ամեն հայի պես, կարողանում էր, ասենք, խորոված սարքել կամ ձու խաշել: Ես, օրինակ, հմուտ եմ կարտոֆիլ տապակելու մեջ: Դա հայտնի է Ռյազանի մարզին, Կամչատկա թերակղզուն եւ... իմ կնոջը: Իսկ նա ասում է, որ ամեն անգամ իմ տապակելուց հետո ինքը ստիպված է մեկ շաբաթ մաքրել գազօջախը, թավան եւ ամբողջ խոհանոցը:
Մեր նավի խոհարարը ֆիրմային գլուխգործոց չունի: Նա խոհարար է բառի ծովային եւ իմաստուն առումներով: Իսկ դա արդեն փիլիսոփայական հասկացություն է: Նա բնավ չի զայրանում, որ մշտաժպիտ սեւ-անցի փեսացու Վահագն Մաթեւոսյանը տանել չի կարողանում բրինձ, իսկ Հայկը առհասարակ ձուկ չի սիրում: Ինչ վերաբերում է ինձ, միս եւ յուղ չեմ ուտում, աղ գրեթե չեմ օգտագործում: Մուշեղը չի սիրում սպիտակաձավարի շիլա եւ մյուս շիլաները: Մինչդեռ նավապետը հենց սպիտակաձավարի շիլա է սիրում, բայց դա չի բարձրաձայնում: Խոհարարի համար իսկական գյուտ է Արիկը, որն ուտում է ամեն ինչ:
Միայն չի հասկացվում, թե ինչ է սիրում ինքըՙ խոհարարը: Պատճառն այն է, որ նա ոչ թե սովորական խոհարար է, այլՙ նախ եւ առաջ նավաստի: Նա ուտում է վերջինը, իսկ մինչ այդ կերակրում է ոչ թե անձնակազմին, այլ սեփական ընտանիքին:
Վերադառնանք խոհանոց: Նավի վրա ոչ ամեն խոհարար (այդ թվումՙ պրոֆեսիոնալ) կարող է յոթ բալանոց մրրիկի ժամանակ ուտելիք եւ մանավանդ ապուր եփել: Շոգ եղանակին, երբ մտածում ես միայն ջուր խմելու մասին, մեր խոհարարը հանկարծ ամենքի համար լցնում է սառը հյութ կամ կոմպոտ: Զարմանում ես, թե որտեղից է դա հայթայթել: Ասում է, որ մուրաբայից կամ ջեմից է պատրաստել:
Իմ կարծիքով, առանց մեր խոհարարի «Արմենիան» կնմանվեր առանց շարժիչի ծովախորշ մտած կամ օվկիանոսում առանց առագաստի մնացած նավի:
***
Վերջին ռեպորտաժիս հաջորդած չորս օրերին մեր ձախ նավեզրի մոտակայքում տեսանք Սալվադոր, Հոնդուրաս եւ Նիկարագուա պետությունները: Դրանցից միայն Սալվադորը ծովափ չունի արեւելքից եւ արեւմուտքից:
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, «Արմենիա» նավ, Խաղաղ օվկիանոս