«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2009-10-15 | #187, 2009-10-16 | #188, 2009-10-17


ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՌԱՋԸՆԹԱՑ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Որքան էլ որ տարօրինակ է, Հայաստանի հավաքականը չնայած իսպանացիներից ու թուրքերից կրած պարտություններին, նախորդ ամսվա համեմատ միանգամից 25 հորիզոնականով առաջադիմել է եւ զբաղեցնում է 100-րդ տեղը: Մեր ընտրանին տեղ է զբաղեցրել Տանզանիայի եւ Իսլանդիայի հավաքականների հարեւանությամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի աշխարհի առաջնության 4 ուղեգրերի համար անցումային խաղերի մասնակիցների նախնական բաշխումը 2 զամբյուղներում պետք է կատարվեր ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակի հիման վրա: Եվ այսպես, հոկտեմբերի 19-ին կայանալիք վիճակահանության ժամանակ առաջին զամբյուղում կընդգրկվեն Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Ռուսաստանի եւ Հունաստանի հավաքականները: Երկրորդ զամբյուղում կլինեն Ուկրաինան, Բոսնիան, Սլովենիան եւ Իռլանդիան:

Դասակարգման ցուցակը նախկինի պես գլխավորում է աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը: Անփոփոխ են մնացել 2-4-րդ տեղերում ընթացող Իսպանիայի, Հոլանդիայի եւ Իտալիայի հավաքականների ցուցանիշները: 5-րդ տեղում գերմանացիներն են, որոնք մեկ հորիզոնականով նահանջել են: Արգենտինացիները 2 տեղով բարձրացել ու հանգրվանել են 6-րդ հորիզոնականում: Լավագույն տասնյակում են նաեւ Անգլիայի, Խորվաթիայի, Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականները:

Ամենամեծ առաջընթացն ունեցել է Ֆարերների հավաքականը, որը 41 հորիզոնականով առաջադիմել է: Երկրորդ ցուցանիշն ունի Հայաստանի հավաքականը (25 տեղ): Իսկ ահա Լիբիայի ընտրանին 38 տեղով նահանջել է: Ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր տեղը զբաղեցնում է Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին, որը պահպանել է իր տեղը 2-րդ հորիզոնականում: Թուրքիայի հավաքականը 12 տեղով նահանջել եւ հանգրվանել է 39-րդ հորիզոնականում: 4 տեղով առաջադիմել է 42-րդ հորիզոնականը զբաղեցնող Բոսնիայի հավաքականը: Իսկ էստոնացիները 11 տեղով բարձրացել ու զբաղեցնում են 103-րդ հորիզոնականը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4