«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2009-10-16 | #188, 2009-10-17 | #189, 2009-10-20


ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՆՈՐՄԱԼԱՑՈՒՄԸ

Նա միաժամանակ նախազգուշացնում է, որ հինգ տարի հետո էապես նվազելու են նավթի պաշարներն Ադրբեջանում

Վերջին շրջանում թերեւս ամենահրատապ խնդիրը Թուրքիայում հայ-թուրքական հարաբերություններն են: Թուրքական մամուլի ջանքերով դա հրատապ է դառնում նաեւ թյուրքալեզու հանրապետությունների համար, որոնք, ի տարբերություն Ադրբեջանի, ոչ թե դժգոհություն են հայտնում, այլ ողջունում են Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացը:

Խոսքը տվյալ դեպքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եւ նրա հետ «Զաման» թերթի երեկվա համարում հրապարակված հարցազրույցի մասին է: Թուրքական թերթի հարցերին պատասխանելիսՙ նախագահ Նազարբաեւը թեեւ ընդգծել է Բաքու-Ջեյհան նավթատարի ռազմավարական կարեւոր նշանակությունը, սակայն իսկույն հավելել է. «Իհարկե, այստեղ կա լուրջ մի խնդիր: Հինգ տարի հետո Բաքվի նավթը նվազելու է: Նվազման պայմաններում Բաքու-Ջեյհան խողովակաշարի համար կարեւոր նշանակություն է ձեռք բերելու ղազախական նավթը»:

«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրվեց չափազանց կարեւոր երկու արձանագրություն, եւ դրանով հարաբերությունների նորմալացման ուղղությամբ կատարվեց լուրջ քայլ: Դուք աջակցո՞ւմ եք Թուրքիայի այս քայլը» հարցին ի պատասխան, Նազարբաեւն ասել է. «Ի դեպ, ինքս Թուրքիայի եւ Հայաստանի երկխոսության զարգացմանը նպաստողներից եմ: Հարեւան պետությունները պարտավոր են լավ հարաբերությունների մեջ լինել: Նրանց սահմանները պետք է ծառայեն ի նպաստ խաղաղության: Եթե հարցին այս տեսանկյունից մոտենանք, ապա անհրաժեշտ եմ համարում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարեկամության հունով զարգացումը: Կարելի է ինչ-որ ձեւով հասկանալ Ադրբեջանի հակազդեցությունը, սակայն չմոռանանք, որ Կովկասում խաղաղության եւ բարեկամության հաստատումը Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն ուղղված լուրջ քայլ է լինելու»:

Նավթային նախագծերում Հայաստանի ներգրավման հավանականության հարցի առնչությամբ Ղազախստանի նախագահը նշել է. «Եթե կարգավորվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրները, ապա Բաքու-Ջեյհան խողովակաշարը Թուրքիա կհասնի անհամեմատ ավելի կարճ ճանապարհով: Իսկ դա վերջին աստիճանի արդյունավետ ներդրում կլինի նավթ արտահանող երկրների համար: Նույնը վերաբերում է նաեւ տարածաշրջանի երկրներին: Սակայն ներկա պահին Հայաստանը ներգրավված չէ այս նախագծում»:

«2010-ին Ղազախստանը ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը: Այս կառույցն առնչվում է Լեռնային Ղարաբաղին, որո՞նք են լինելու Ձեր նպատակները» հարցին պատասխանելիս ահա թե ինչ է ասել Նուրսուլթան Նազարբաեւը. «Դա հաճելի նորություն է լինելու նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների, ինչպես նաեւ իսլամական եւ թյուրքական աշխարհների համար: Մեծ պատիվ է նաեւ մեզ համար: Պարզապես չգիտեմ, կկարողանա՞նք մեկ տարվա մեջ լուծել առկա բոլոր խնդիրները: Այդ խնդիրների մեջ են Աֆղանստանի, Ղարաբաղի եւ Մոլդովայի հիմնահարցերը: Ես ընդամենը կարող եմ հավաստիացնել, որ մենք, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, առկա խնդիրների լուծման համար կգործադրենք խաղաղասիրական բոլոր ջանքերը»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4