Գերմանալեզու լրատվամիջոցները, ինչպես եւ սպասվում էր, բուռն արձագանքեցին Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը: Օպերատիվ ռեպորտաժներ, հարցազրույցներ ու վերլուծություններ, ինչքան ասեսՙ ռադիոյով, հեռուստատեսությամբ, առավել շատ թերթերում ու էլեկտրոնային լրատուներումՙ խաղից առաջ կանխագուշակումներով լի, խաղից հետո էլՙ սպասման բազմակետով:
Ֆուտբոլն իսկապես գնահատող, դրանով շնչող Գերմանիայում բուն մրցամարտը, ինչպես իրենց վերլուծություններում գրում են մեր գործընկերները, հետաքրքրություն չէր ներկայացնումՙ Հարավային Աֆրիկայի ուղեգիր չնվաճած երկու թիմի պայքար: «Աշխարհի առաջնությանը չմասնակցելը Հայաստանի համար անակնկալ չէր, բայց եվրոպական վերջին ստուգատեսին գրավիչ տպավորություն թողած Թուրքիայի համար չար ցնցում էր», գրում է «Ցայթը» , ու այս թերթը միակը չէ:
Փոխարենըՙ «պատմական» իրադարձությունը լուսաբանելու մեծ հետաքրքրություն, որ ծնվել էր հատկապես Ցյուրիխի դիվանագիտական դետեկտիվից հետո, եւ հրապարակումներում ընդգծվում վերնագրային խաղաղություն քառավանկ բաղադրիչով:
«Ֆուտբոլային դիվանագիտությամբՙ խաղաղության» վերնագրյալ իր հրապարակման մեջ մերՙ վերը հիշատակած աղբյուրը գրում է. Տասնամյակներ է, ինչ 1915-ին Անատոլիայի հայերի դեմ Օսմանյան կայսրությունում կատարված ցեղասպանությունը թունավորել է Երեւանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները: Միգուցե Բուրսան հենց այդ պատճառով էլ այդքան հարմար վայր էր ֆուտբոլային խաղ անցկացնելու համար: Այստեղ Առաջին համաշխարհայինից առաջ ավելի քան 10 000 հայեր էին ապրում: Բուրսան հայրենիքն էր բազմաթիվ արհեստավորների ու արվեստագետների: Հայ պատրիարքի նստավայրն էլ 100-ավոր տարիներ հենց Բուրսայում էրՙ Օսմանյան կայսրության առաջին մայրաքաղաքում: Բայց այս հին քաղաքը նաեւ ազգայնականների ապաստարանն էր, իրազեկում է հոդվածագիր Միշայել Թումաննը : Դիվանագիտական ճակատում բոլոր խնդիրները չէ, որ լուծված են, անդրադառնալով արտգործնախարարների ստորագրած արձանագրությանըՙ շարունակում է հեղինակը, փաստաթուղթը պիտի վավերացնեն խորհրդարանները: Հայաստանում հաշտեցման դեմ են արմատական ձախ ազգայնական դաշնակները, Թուրքիայումՙ նրանց շատ մերձ ազգայնականներըՙ թե ձախից, թե աջից: Սրանք համառորեն ուրանում են 1915-ի ցեղասպանությունը: Հեռվից հայկական սփյուռքի միություններն են մոլեգնում, որոնց համար ցեղասպանության անհապաղ ճանաչումն առավել կարեւոր է, քան Հայաստանի ցավագին մեկուսացման ուշացած ավարտը: Այս միջոցին Անկարայում արձանագրությունները մերժելու լոբբինգով են զբաղված ադրբեջանցի պատգամավորներըՙ փաստարկելովՙ սկզբում պիտի Հայաստանը դուրս քաշվի Ղարաբաղի տարածքից: Արդարեւ, հիմա կուլիսների հետեւում աշխատում են թուրք, հայ եւ ադրբեջանցի դիվանագետներըՙ կովկասյան այս թնջուկը քակելու ուղղությամբ: Հայերը պարտավոր են Ադրբեջանին որոշ զիջումներ անել: Դրսից ասիստենտի դերում են ամերիկացիները, եվրոպացիները եւ ռուսները: Վերջերս նկատելի է Մոսկվայի կառուցողական դերը: Երեւում է Ռուսաստանը կորցրել է մեկուսացած եւ միայն Մոսկվային ուղղված Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը: Պուտինի կառավարությունը օտարացած Ադրբեջանին նորից կմերձեցնիՙ ընդ որում սակայն առանց Հայաստանին կորցնելու: Այդ պատճառով էլ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը ղարաբաղյան հակամարտության մեջ միաժամանակյա առաջընթացով Մոսկվայի հետաքրքրությունների շրջանակում է:
Շարունակելով Բուրսայում Գյուլիՙ Հայաստանի իր պաշտոնակցին հանդիպելու թեման թղթակիցը գրում էՙ այս երկու քաղաքական գործիչները մինչեւ այժմ իրենց ահռելի քաջությունն են ապացուցել: Մնում է հույս ունենալ, թե երկու երկրների խորհրդարաններն էլ նույնպիսի քաջություն կդրսեւորեն: Եթե արձանագրությունները վավերացվեն եւ սահմանները բացվեն, Գյուլն ու Սարգսյանը 2010-ի խաղաղության Նոբելյան մրցանակի իսկական թեկնածուներ կլինեն: Բայց նախ կամացՙ մենք հերոսներին չենք ուզում գովել գործն ավարտելուց առաջ, եզրափակում է «Ցայթը»:
«Դի թագեսշփիգելի» էջերում էլ Թոմաս Զայբերտն է Ստամբուլից հաղորդումՙ «Հաղթանակՙ խաղաղության համար», «Երբ նախագահի կինն ինքն է եփում» վերնագրերով է իր անդրադարձներում: Ընդհանրապես, Թուրքիայի նախագահի կինըՙ Հայրյուննիսա Գյուլն իրեն քաղաքականությունից զերծ է պահում: Բայց երբ ամուսինը չորեքշաբթի երեկոյան հյուսիսարեւմտյան Բուրսայում Հայաստանի նախագահ Սարգսյանին էր ընդունում, տիկին Գյուլն էլ մի շեշտ դրեցՙ նա հայ հյուրերին իր ձեռքով պատրաստած կերակուրները մատուցել տվեց: «Դա առանձնահատուկ ջերմության մի արտահայտություն էր», հրապուրված ասել էր արտգործնախարար Նալբանդյանը: Տիկին Գյուլի խոհարարական ավանդը այդ երեկոյի բազմաթիվ ժեստերից մեկն էր, գրում է թղթակիցը: Գյուլն ու Սարգսյանը Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտ հասնելով սպիտակ աղավնիներ բաց թողեցինՙ ի նշան խաղաղության: Թուրքերն առանձնահատուկ տպավորված էին, որ Սարգսյանն առաջին գոլից հետո Թուրքիայի նախագահին ժպտալով շնորհավորեց: Թուրքական հեռուստատեսությունը ուղիղ եթերի ժամանակ մի քանի անգամ կրկնեց տեսարանը: «Մենք պատմություն չենք գրում, մենք ստեղծում ենք այն», ասել էր Գյուլը: Սարգսյանն ընդգծել էր, թե երկու երկրներն էլ լավ աշխատանք են տարել: Անդրադառնալով Ցյուրիխում ստորագրված կարգավորման արձանագրություններինՙ թերթը հիշեցնում էՙ նախատեսվում են դեսպանների փոխանակում, 1993-ից փակ սահմանի բացում: Պատմության խոր վերքի հանդեպ այս զարգացումը արժանի է ուշադրության: Հայաստանը, միջազգային բազմաթիվ հետազոտողներ հայտարարում են, թե թուրքերը 1915-ին ցեղասպանություն են իրագործելՙ մինչեւ 1,5 միլիոն հայ են սպանել: Թուրքերն այս կշտամբանքը մերժում են: Վեճ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Գյուլն ընդգծեց, փոխանցում է գերմանական լրատուն, որ 2 կողմերն էլ գիտակցում են, որ դժվարություններ եւ դիմադրություն է լինելու: «Մենք դանդաղ առաջ ենք շարժվում», ասել է Թուրքիայի նախագահը: Վարչապետ Էրդողանն ուզում է հայկական արձանագրությունները միայն այնժամ վավերացնել տալ, երբ ղարաբաղյան հակամարտության մեջ շարժ լինի: Երկու երկրներում էլ հաշտեցման քաղաքականությունն ազգայնականների քննադատությանն է արժանանում: Բուրսայում էլ նկատելի դարձան մերձեցման հակառակորդները: Թուրք երկրպագուները մարզադաշտում Հայաստանի ազգային հիմնը բարձր սուլոցներով ուղեկցեցին: Իսկ ոստիկանությունը կասեցրեց թուրք ազգայնականների վերջին պահին իրարանցում ակնկալող խանգարիչ գործողությունըՙ ուզում էին բուլդոզերով դաշտ մտնել ու ադրբեջանական դրոշ պարզել, տեղեկացնում է «Դի թագեսշփիգելը»:
«Շթերնը» գրում էՙ Ֆուտբոլային մրցապայքարը 2:0 հաշվով վերջացավ, բայց իրական հաղթողն այս խաղում հաշտեցման կուրսը հայտարարվեց, որ նախագահ Գյուլն ու Սարգսյանը չորեքշաբթի հաստատեցին: Անդրադառնալով արձանագրություններում տեղ գտած «պատմաբանների հանձնաժողովին, որ հայերի հանդեպ 1915-ին կատարված եղեռնը ցեղասպանություն էր վիճաբանությամբ պիտի զբաղվի», «Շթերնը» հղում է արել «Դոյչլանդռադիո կուլտուր» -ի հոկտեմբերի 14-ի եթերում պատմաբան Միհրան Դաբաղի հետ հարցազրույցին: Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանության ինստիտուտի հայազգի տնօրենն իր երկմտանքն է հայտնել, թե Թուրքիան երբեւէ պատրաստ կլինի իր իրագործած ցեղասպանությունը խոստովանել: Նա խիստ քննադատել է պատմաբանների հանձնաժողովի վերաբերյալ աշխարհի դրական արձագանքները: Պետությունները թեթեւացած կզգանՙ մի հոգս պակաս կլինի, ասել է պրոֆեսորը շարունակելով: Միեւնույն ժամանակ Թուրքիան ձգտում է կատարվածը բացառապես հարաբերականացնել: Ես այն կարծիքի եմ, որ ցեղասպանության հետազոտությունը առաջին հերթին այս հանցագործության ճանաչումն է ենթադրում: Այլապես ցեղասպանությունՙ այո-ոչ բանավեճը հարցականի սահմաններում կմնա, ասել է Միհրան Դաբաղը «Դոյչլանդռադիոյին»:
Բայց հայկական պետական ղեկավարությունը հույս ունի, թե վիճարկելի քաղաքական մերձեցման գործընթացը ժամանակի հետ աճ կգրանցի, նախագահ Սարգսյանիՙ ընթրիքի ժամանակ արտահայտած միտքն է ներկայացրել «Շթերնը»ՙ թուրքական հրապարակումներից մեջբերում անելով: Փոխարենը Երեւանում պետական լրատվամիջոցները շատ ավելի են լռում, թե հայ ազգաբնակչության մեջ որքան շատ են նախագահի կուրսը մերժողները: Արձանագրությունների շուրջը դեբատներ են սկսվելու Հայաստանի խորհրդարանում: Նախաձեռնության դեմ իր կեցվածքը ցույց տալու համար Դաշնակցությունը կոալիցիայից դուրս եկավ եւ ընդդիմություն դարձավ, որը այս պահին մերժում է Թուրքիայի հետ մերձեցումը: Արձանագրությունների վավերացումը երկար ժամանակ կտեւի, մինչեւ քաղաքական իրադրությունը դեպի դրականը շրջվի, կարծիք է հայտնել Երեւանի Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային զարգացում ինստիտուտի փորձագետ Շուշան Խաթլամաջյանը : Հայերի մեծ մասը չի կարող մերձեցումը ցեղասպանության հարցից անջատ տեսնել, պարզաբանել է նա:
«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգ» թերթը մի սյունակ է տրամադրել Միշայել Լուդվիգի ՙ Հայաստանի նախագահի մասին «Շարժողը» հրապարակմանըՙ զետեղելով նաեւ Սերժ Սարգսյանի լուսանկարը: Երկու երկրների ֆուտբոլային խաղից հետո Սերժ Սարգսյանին լուրջ գործ է սպասում: Սարգսյանն ուզում է հասնել նրան, որ թուրքական կողմը արձանագրությունները հնարավորինս արագ վավերացնի:
Այս փաստաթղթերում խոսք կար նաեւ Եղեռնի պատճառով երկու երկրների միջեւ ոխերիմ թշնամությունը հաղթահարելու մասին: Սարգսյանն ուզում է իր երկիրը մեկուսացման հասցրած անշարժությունը վերջապես տեղից շարժել, գրում է թերթըՙ մեկնաբանելով Ղարաբաղյան պատերազմի հետեւանքով ստեղծված Թուրքիա-Հայաստան փակ սահմանի իրադրությունըՙ Հայաստանն ադրբեջանական տարածքի 20 տոկոսը գրավել է, Թուրքիանՙ Ադրբեջանի կարեւոր դաշնակիցը, փորձ էր անում Հայաստանը մեկուսացնելով ստիպել Հայաստանին զորքը դուրս բերել գրավյալ տարածքներից:
Սարգսյանն անշուշտ քաղաքական խաղաղության հրեշտակ չի ծնվել, ամենեւին: Նա ավելի շուտ քաղաքական գործիչների այն խմբին է պատկանում, ով սերում է Լեռնային Ղարաբաղից եւ վերջիվերջո իր առաջընթացի մեջ Ադրբեջանի հանդեպ իր անզիջող կեցվածքին է պարտական: Սարգսյանը ձգտում է Թուրքիայի օգնությամբ հասնել Հայաստանի ապաշրջափակման: Թուրքիայի քաղաքական գործիչներըՙ նախագահ Գյուլն ու վարչապետ Էրդողանը դժվարություններ ունեն, գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը»ՙ հիշեցնելով ընդդիմությանՙ Ադրբեջանին չդավաճանելու ճնշումը: Հայաստանի 55-ամյա նախագահի համար դժվար կլինի թուրքերին պահեստային դերից դուրս բերել: Թերթը հիշեցնում է նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակըՙ ցույցեր, վայրագություններ, զոհեր, տնտեսական ոչ լավ վիճակ: Սարգսյանի ուղեւորությունները հայկական սփյուռքի կենտրոններ, ուր ընդդիմության նման մերժում են արձանագրությունները, արդյունք չեն տալիս: Իսկ Հայաստանում, եթե խոսքը Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի հետ հարաբերություններին է վերաբերում, աղավնիները միանգամից բազե են դառնում, որովհետեւ հնարավորություն են տեսնում Սարգսյանին տապալելու, եզրափակում է գերմանական հեղինակավոր պարբերականը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա