«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2009-10-16 | #188, 2009-10-17 | #189, 2009-10-20


ԱԴՐԲԵՋԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԴՐՈՇՆԵՐԻ «ՊԱՏԵՐԱԶՄ»

ANS press գործակալությունը տեղեկացնում է, որ Բաքվի շեհիդների պուրակից հանվել են թուրքական բոլոր դրոշները: Պուրակի անվտանգության աշխատակիցներից մեկի խոսքերով` դրոշները հանվել են հոկտեմբերի 15-ին. «Առավոտյան եկան 2-3 հոգի եւ հանեցին բոլոր թուրքական դրոշները, իսկ երեկոյան նույն մարդիկ, վերադառնալով, բետոնապատեցին դրոշների տեղերը»: Անվտանգության ծառայողի խոսքերով, ինքը չգիտի, թե ովքեր են եղել այդ մարդիկ եւ ում հրամանն են կատարել, սակայն հաստատ գիտի, որ նրանք կատարել են ինչ-որ խոշոր պաշտոնյայի հրաման:

Ծառայողը նաեւ նշել է, որ մինչեւ դրոշները հանողների գալը, պուրակ են եկել ինչ-որ «կառավարական մարդիկ». «Նրանք արտասահմանյան մեքենաներով էին, կոստյումներով եւ փողկապներով: Որոշ հրահանգներ տալուց հետո նրանք հեռացան, իսկ 1-2 ժամ անց եկան մարդիկ ու հեռացրին դրոշները», հիշում է պուրակի աշխատողը, որը նախընտրել է չներկայանալ:

Այս փաստը առաջացրել է որոշ թուրքական լրատվամիջոցների բուռն արձագանքը, մասնավորապես այս առումով իր վրդովմունքն է հայտնել CNN turk -ը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական այս քայլերը պայմանավորված են հոկտեմբերի 14-ի Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ թուրքական իշխանությունների կողմից մարզադաշտում ադրբեջանական դրոշների արգելմամբ: Եվ ահա ադրբեջանցիները ադրբեջանցի չէին լինի պատասխանն ուշացնելու համար, նույնիսկ եթե «վիրավորվել» են իրենց իսկ «եղբայր» Թուրքիայից:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4