«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2009-10-16 | #188, 2009-10-17 | #189, 2009-10-20


ԸՍՏ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԹԵՐԹԻՙ ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ ԻՐԱՆԻ ՎՐԱ

Ֆրանսիական «Կանար անշենե» երգիծական շաբաթաթերթի տվյալներով, Իսրայելը պատրաստվում է գրոհել Իրանի վրա: Ֆրանսիայում առավել անկախ հասարակական-քաղաքական լրատվամիջոցներից մեկը համարվող այդ թերթը տեղեկացնում է, որ Իսրայելը ֆրանսիական ձեռնարկություններում պատվիրել է ընտիր ստորաբաժանումների մարտիկների համար նախատեսված օդապարիկներ:

Բացի դրանից, արտերկրում գտնվող գերպրոֆեսիոնալ զինծառայողներին գաղտնի հրահանգված է վերադառնալ Իսրայել: Թերթը կարծում է, որ հարձակումը նախատեսված է իրականացնել 2009-ի դեկտեմբերին կամ 2010-ի հունվարին:

Հաղորդվում է նաեւ, որ Իսրայելի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Գաբի Աշկենազին վերջերս Ֆրանսիա կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ ռմբակոծել Իրանը, բայց կարող է այնտեղ մարտիկներ ուղարկել ցամաքային գործողության համար: Լրագրողները կարծում են, որ Աշկենազին նկատի ունի վնասագործությունը եւ Իրանի միջուկային ծրագրին առնչվող ձեռնարկությունների ղեկավարների սպանությունները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4