Կրոնների բազմազանությունը հարստացնում է Ավստրիան, ասել է նախագահ Ֆիշերը ՙ հոկտեմբերի 16-ին:
Ավստրիայի կաթոլիկական մամլո գործակալությունըՙ kathweb-ը տեղեկացնում է, թե Վիեննայում նախագահ Հայնց Ֆիշերը բարձրակարգ ընդունելության է արժանացրել Հայ առաքելական, ղպտի եւ ասորի ուղղափառ եկեղեցիներին: Նախագահը «արժեքավոր հարստացում» է որակել Ավստրիայի կրոնների ու մշակույթների բազմազանությունը, գնահատել բոլորի ջանքերը հարգալից համակեցություն ստեղծելու համար:
Ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը գոհունակություն է հայտնել Ավստրիայի դաշնային նախագահինՙ հանդուրժողականության եւ ժողովրդավարական մշակույթի համար: Սա հնարավորություն է տվել ասորի ուղղափառ եկեղեցուն սփյուռքում պահպանել ինքնությունը:
Ավստրիայում ղպտի եկեղեցին ներկայացնող եպիսկոպոսն էլ շնորհակալություն է հայտնել 2003-ին ղպտի ուղղափառ եկեղեցին պետականորեն ճանաչելու գործին սատարելու համար:
Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Մեսրոպ Գրիգորյանը շեշտել է հայ-ավստրիական հարաբերությունների երկարՙ մինչեւ 16-րդ դարը թվագրված ավանդույթը: Այժմ շուրջ 6000 հայ է ապրում Ավստրիայում:
Արքեպիսկոպոսն իր ճառում խոսել է նաեւ Ավստրիայում Հայոց ցեղասպանությունը պետականորեն ճանաչելու անհրաժեշտության մասին:
Ընդունելությանը մասնակցել են շուրջ 150 ներկայացուցիչներՙ հին արեւելյան եկեղեցիներից:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա