«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2009-10-16 | #188, 2009-10-17 | #189, 2009-10-20


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿՈՉԵՐ ԹԵԼ ԱՎԻՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ

Հոկտեմբերի 16-ին իսրայելական «Իմ տիրցու» («Եթե ցանկանաք») շարժման ներկայացուցիչները Թել Ավիվում թուրքական դեսպանատան առջեւ անց են կացրել բողոքի ցույց: Շարժման ակտիվիստները թուրքական իշխանություններից պահանջել են ճանաչել օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը: Ցուցարարները ունեցել են ցեղասպանության վերաբերյալ նկարներ:

«Իմ տիրցու» շարժումը ստեղծվել է Իսրայելում լիբանանյան երկրորդ պատերազմից հետո` ուսանողների ջանքերով: Նրա հիմնական նպատակն է սիոնական սկզբունքների տարածումը հրեա ժողովուդի մեջ:

Հատկանշական է նշել, որ «հայկական» ցույցը Իսրայելում հնարավոր եղավ միայն թուրք-իսրայելյան վատթարացող հարաբերությունների ֆոնին: «Ազգ» -ը նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ սկանդալն առաջացել է, երբ վերջերս թուրքական հեռուստաալիքներից մեկով ցուցադրվել էր ֆիլմ, որում իսրայելցի զինվորը սպանում է երեխայի: Հիշեցնենք, որ այս առիթով Իսրայելի արտգործնախարարը հրավիրել է Թուրքիայի դեսպանին` հայտնելու իր վրդովմունքը:

Ինչպես տեղեկացնում է իսրայելական «Եդիոտ ահրանոտ» թերթը, ֆիլմում ցուցադրված շատ կադրերից «վատ կարող են զգալ աշխարհի ամեն մի երկրի քաղաքացիներ»:

Փաստորեն Հայոց ցեղասպանության ճանաչման իսրայելական պահանջներն ավելի շատ հակաթուրքական տրամադրությունների հետեւանք են, այլ ոչ թե արդարության վերականգնման ցանկություններ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4