«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2009-10-16 | #188, 2009-10-17 | #189, 2009-10-20


ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ 23 ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Արշիլ Գորկի. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆեսճյանի հավաքածուից» ցուցահանդեսը տեղի կունենա Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Երեւանում բացման կապակցությամբՙ նոյեմբերի 8-ին: Ցուցադրությունը, որ ներառում է ամերիկահայ արվեստագետ Արշիլ Գորկու 16 գծանկար եւ 7 գեղանկար, առաջինն է Հայաստանում, որպես ամերիկյան արվեստի ամենամոնումենտալ դեմքը դարձած արվեստագետի բնօրինակ աշխատանքների մեծամասշտաբ ցուցադրություն:

«Այս ցուցահանդեսում ներկայացված բազմաթիվ էսքիզները փոխանցում են Գորկու յուրօրինակ աշխատանքային մեթոդի բացառիկ ներըմբռնումը: Գորկու` համադրված դիզայնով ու բազմաբովանդակ թեմատիկայով բարդ, մեծամասշտաբ կոմպոզիացիաները դասվում են քսաներորդ դարի կեսի ամերիկյան արվեստի լավագույն գործերի շարքին», ասել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն դոկտոր Մայքլ դե Մարշը :

Արշիլ Գորկին մազապուրծ փախավ Արեւմտյան Հայաստանից 1915-ի ցեղասպանության օրերին` դառնալով իր մոր սովամահության ականատեսը: Որոշ ժամանակ Երեւանում ապրելուց հետո նա 1920-ին, տասնհինգ տարեկանում մեկնեց Միացյալ Նահանգներՙ ողջ կյանքում պահպանելով հայրենիքի սերը: Իր եղբայր Մուրադին եւ քույր Վարդուշին ուղարկած բազմաթիվ նամակներում նա արտահայտում է Արեւմտյան Հայաստանի կարոտն ու վերադառնալու ցանկությունը` բանաստեղծորեն խոսելով հարազատ երկրի մասին. նրա գյուղերի հինավուրց խաչքարերի, իր հարազատ Վանի աղով լցված օդի, լեռների բույրի, երիտասարդ ժամանակ կերած դոլմայի, եւ, իհարկե, իր սիրելի Արարատ լեռան մասին, որը Գորկին անվանել էր «բնության շարժումները կարգավորող ուղեղ»:

Ի վերջո Արշիլ Գորկին դարձավ քսաներորդ դարի ամենաազդեցիկ նկարիչներից մեկը, եւ հենց այն ժամանակ, երբ նրա ճանաչումը հասնում էր նոր բարձունքների, 1948 թվականին կյանքը ողբերգական կերպով ավարտեց ինքնասպանությամբ:

Ինչպես արդեն «Ազգ» -ը տեղեկացրել է, Գաֆեսճյան արվեստի կենտրոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Կասկադում կայանալիք հրավառությամբ եւ հաջորդ օրը բացվելիք մի շարք ցուցահանդեսներով, այդ թվում եւ Արշիլ Գորկու 23 գործերի ցուցադրությամբ:

Ն. ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4