Չէ, գիտեք, հանկարծ չմտածեք, թե ուրախ չենք նոր ստեղծված ընտանիքի երեւույթով: Շատ ուրախ ենք եւ երջանկություն ենք ցանկանում նոր միացած մեծահարուստ զույգին: Անգամ խնդիրը հարսանիքի կորտեժի` Վրաստանից բերված Լամբորջինիին կամ այն թանկարժեք մեքենաներին չի վերաբերում, որոնց զույգը Հայաստանում չկա, ոչ էլ, ասենք, թանկաժեք աքսեսուարներին եւ ոչ էլ միլիոն դոլարանոց երգչուհուն` ամեն մարդ «դվիժենի» է անում իր ունեցվածքի «գյորա»: Խոսքն այլ բանի մասին է. Հայաստանում շատացել են այդպիսի հարսանիքները, որոնք ոչ թե քեֆ-ուրախություն անելու համար են, այլ աշխարհին զարմացնելու, միմյանց ունեցվածքը հարսանիքի (նաեւ` կնունք-ծնունդի, թաղումի) ահագնությամբ չափելու, ավելի ոսկե փողով առլեցուն մանրամասներով թշնամու տղի հարսանիքը նսեմացնելու համար են: Է, ոչինչ չես կարող անել, թեեւ պստիկ ածու ենք, բայց մեր օլիգարխները անծիր Ռուսատանի հայտնի օլիգարխների ախորժակն ունեն, եւ ինչու, ուրեմն, պիտի տարբերվեն համայն Ռուսիո օլիգարխներից, ինչո՞ւ պիտի իրենց ունեցած համարժեք միլիոնները չշրխակցնեն «տղու կամ աղջկա շաբաշին», ինչպես որ Աբրամովիչը կամ Բռինցալովը կարող են իրենց թույլ տալ: Սակայն երեւույթն այլ հարթություն ունի: Հսկա Ռուսաստանում մի 70 մարդու կենցաղը կորչում-լուծվում է միլիոնների միջին ապահովության ֆոնին եւ եղանակ չի ստեղծում, համեմատվելու առիթ չի դառնում եւ ոչ էլ առանձնապես շարժում է հարյուր մլն-ից ավելի բնակչության զգացմունքները: Բայց այս պուճուր երկրում, երբ հարյուրավոր երիտասարդ մարդիկ հետաձգում են ամուսնությունը հենց միայն արարողակարգն ապահովող գումար չունենալու կամ սեփական մի քանի քառակուսիմետրանոց տարածքի վրա սեփական տանիք չունենալու պատճառով` այս կարգի միջոցառումները ոչ թե գլամուրային խոսակցությունների նյութ են դառնում գլամուրային հրատարակությունների սահմաններում, այլ եւս մի ցավագին առիթ` զգալու նվազագույն կեցությամբ չապահովված ու մեծ մասամբ զանազան շնորհներ, կրթություն ու գրագիտություն ունեցող երիտասարդության միաժամանակյա գոյության անհնարինությունը նույն` 29 հազար քառակուսի մետրի վրա. բնական է, առաջինները համակվելու են երկիրը լքելու, այս կարգի համեմատություններով ներաշխարհը չխռովելու առիթ չտվող կեցության վայր տեղափոխվելու մտասեւեռմամբ: Խոսքը նույն հողի ու ջրի վրա հոգեբանորեն ավելորդ ճնշման չենթարկվելու մասին է: Խոսքը մխիթարանքներ հորինելու մասին է` տարբերությունը մեղմելու գոնե ջանքերի ցուցադրումով, գոնե, եթե միջին որակի ապրուստի աղբյուրներ չես կարող տրամադրել երկրիդ երիտասարդության մի շատ զգալի հատվածին: Այս դեպքում, օրինակ, որոշակի ծախսերի սահման անցկացնող, ասենք, 1 մլն դոլարը հատող հարսանիքի տիրոջ վրա կարելի է օրենքով հարսանիքի հարկ դնել, դրանից ավելի ծախսածի 30 տոկոսի չափով, որն էլ կարող է հավաքվել «Հարսանյաց պետական հիմնադրամում», վերջինիս միջոցներն էլ կարող է տնօրինել պետությունը` ֆիքսված գումար տրամադրելով ամուսնացող հասարակ զույգերին: Սա այնքան վնաս չի տա մեր օլիգարխներին, որովհետեւ նրանք գուցե իրենց արեւշատության համար շատ ավելին են տալիս խնդրառու սրան-նրան, բացի այդ` եթե կարող է, ասենք, մի 50-60 մլն ծախսել հարսանիքի վրա, ուրեմն կկարողանա դրանից 30 տոկոսով ավելին էլ ծախսել: Մինչդեռ այդպիսի հարկը միջոցներ գոյացնելով` պետության ձեռքը կերկարացնի` մուննաթներից ազատ միջոց ունենալու խնդրում, իր երիտաարդ զույգերին հասնելու, բացի այդ էլ յուղ կքսի հասարակության սրտին, որի անդամների` օրվա լոլիկն ու սմբուկը հազիվ ճարող զանգվածին կարող է թվալ, որ մարդն իրենց բաժինը տալուց հետո, հալալ լինի, կուզի թող Ալլա Պուգաչովային կկանչի, կուզի Չելենտանոյին: Մնացյալն իրենց գործն է` հարսանքի տերերի, կուզենՙ թող ոսկյա կառքով եկեղեցի տանեն իրենց զավակներին, կուզենՙ ոսկյա անկողնում առաջին գիշերն անցկացնեն: Իսկ մենք այդքան մեծ տարբերություն չենք գտնի անցյալ դարասկզբին երկրի ղեկավարներից Արամ Մանուկյանի եւ ներկա պետական այրերի միջեւ. առաջինը ծակ կոշիկով էր ման գալիս, երբ իր ձեռքի տակ էր երկրի եւ կառավարության ողջ ունեցվածքը, ասում էր` իմ ժողովուրդը դրսում գաղթական ու անոթի մեռնում է, ես իմ հագուստի եւ կոշիկի մասի՞ն պիտի մտածեմ, իսկ մերոնք 80 հազար դոլարանոց կոստյումից պակաս չեն հագնում, երբ շատերին 80 դոլարանոց կոստյումն էլ հասանելի չէ:
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ