Արթուր Աբրահամը Ջերմեն Թեյլորի նկատմամբ տոնած տպավորիչ հաղթանակով մեկնարկեց երկրորդ միջին քաշային կարգում 6 ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարում, որի հաղթողը կնվաճի աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը: Բեռլինում կայացած մենամարտում Արթուրն իրեն հատուկ ոճով անցկացրեց մենամարտըՙ 6-րդ ռաունդից սկսած ուժեղացնելով ճնշումը մրցակցի վրա: Հայ բռնցքամարտիկի առավելությունը նկատելի էր ողջ մենամարտի ընթացքում: Եվ երբ թվում էր, որ Արթուրը մենամարտը կշահի միավորներով, 12-րդ ռաունդի վերջին վայրկյաններին հետեւեց աջից ուժգին դիմահար հարվածը, որը պարզապես ռինգի հատակին տապալեց ամերիկացի բռնցքամարտիկին: Նա որոշ ժամանակ պառկած մնաց հատակին եւ միայն բժիշկների օգնությամբ ուշքի եկավ: Թեյլորն ուղեղի ցնցում էր ստացել եւ մենամարտից հետո տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ մի քանի օր կանցկացնի:
Իսկ Արթուր Աբրահամը հերթական հաղթանակը տոնեց նոկաուտով ու դարձավ մրցաշարի առաջատարըՙ վաստակելով 3 միավոր: Մրցակարգի համաձայն, միավորներով հաղթելու դեպքում բռնցքամարտիկը 2 միավոր է ստանում, իսկ ոչ-ոքին գնահատվում է մեկ միավոր: Մյուս մենամարտում, որ կայացավ Նոթինգհեմում, բրիտանացի Կառլ Ֆրոհը միավորներով հաղթեց ամերիկացի Անդրե Դիրելին ու վաստակեց 2 միավոր: Հաջորդ մենամարտն Արթուրը կանցկացնի ԱՄՆ-ում հունվարի 23-ին Անդրե Դիրելի հետ:
«Թեյլորը լավ բռնցքամարտիկ է, սակայն նրանից ավելի ուժեղ եմ: Ողջ մենամարտի ընթացքում նրա պաշտպանությունում ճեղքվածք էի փնտրում եւ վերջապես գտա: Ցավում եմ, որ Թեյլորը հայտնվել է հիվանդանոցում: Մշտապես ձգտում եմ հաղթել մրցակիցներիս, սակայն չեմ ցանկանում նրանց վնասել: Առողջությունն ամենակարեւորն է եւ հուսով եմ, որ Թեյլորի մոտ ամեն ինչ նորմալ կլինի: Ուրախ էի, որ նոկաուտից հետո որոշ ժամանակ անց կարողացավ ոտքի կանգնել: Նրան ամենայն բարիք եմ ցանկանում: Ինձ համար պատիվ էր մենամարտել նրա հետ: Այժմ անհամբերությամբ եմ սպասում ԱՄՆ-ում կայանալիք մենամարտին», նշել է Աբրահամը մենամարտից անմիջապես հետո:
Իր սանից գոհ էր մարզիչըՙ Ուլի Վեգները . «Այսօր Արթուրը հիանալի մարտ վարեց: Նա գիտեր, թե ինչ պետք է անի: Շատ գրագետ էր մենամարտում: Թեյլորը շատ ուժեղ բռնցքամարտիկ է: Նա արագաշարժ է, ճկուն: Բայց մենք պարտավոր էինք սեփական հարկի տակ հաղթել եւ ուրախացնել մեր երկրպագուներին: Նրանց աջակցությունը ֆանտաստիկ էր»:
«Ինձ այնքան էլ լավ չեմ զգում: Նոկաուտից հետո դա բնական վիճակ է: Ես լավ մարզավիճակում էի: Աբրահամը շատ ուժեղ մարտիկ է: Ես դա ընդունում եմ», հայտարարել է Թեյլորը :
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ