Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը գերազանց հանդես եկավ Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում առաջին անգամ անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մեր ծանրորդները մեդալների հարուստ ավարով տուն վերադարձան: Մրցահարթակ դուրս եկած 8 հայ ծանրորդներն ընդհանուր առմամբ նվաճեցին 7 ոսկե, 6 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Նրանցից երեքը` Սմբատ Մարգարյանը (56 կգ), Աղասի Աղասյանը (77 կգ) եւ գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ: Թե թիմային, թե մեդալների հաշվարկով Հայաստանի հավաքականը մասնակից 25 երկրների մեջ գրավեց առաջին տեղը: Թիմային հաշվարկով մեր հավաքականը վաստակեց 587 միավոր եւ 9 միավորով առաջ անցավ ռուսներից: Լավագույն եռյակը եզրափակեցին Լեհաստանի ծանրորդները: Ռուսաստանի հավաքականը նվաճեց 4 ոսկե, 8-ական արծաթե եւ բրոնզե մեդալ: 3-րդ տեղում հանգրվանած լեհերն արժանացան 3-ական ոսկե եւ արծաթե, 4 բրոնզե մեդալի: 4-րդ արդյունքը ցույց տվեցին թուրքերը` 3 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ:
Մինչեւ 77 կգ քաշային կարգում Հայաստանը 2 ներկայացուցիչ ուներ: Գերազանց ելույթ ունեցավ Աղասի Աղասյանը: Նա երկամարտի 337 կգ (150+187) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Աղասին 6 մոտեցումներից 5-ն արդյունավետ օգտագործեց: Պոկում վարժությունում նա 150 կգ-ով արժանացավ բրոնզե մեդալի` իրենից առաջ թողնելով թուրք ծանրորդ Սեմիհ Յագկիին (154 կգ) եւ ուկրաինացի Յուրի Շիկիդային (153 կգ): Իսկ ահա հրում վարժությունում հայ ծանրորդը գերազանցեց բոլորին` արժանանալով փոքր ոսկե մեդալի, ինչպես նաեւ երկամարտի արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Երկամարտում Աղասին 4 կգ-ով առաջ անցավ ուկրաինացի Յուրի Շիկիդայից: Բրոնզե մեդալին արժանացավ լեհ Ռոման Կլիչը` 331 կգ (148+183):
Քաշային այս կարգում Հայաստանի մյուս ծանրորդը` Արայիկ Միրզոյանը երկամարտի 321 կգ (148+173) արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Միրզոյանը միայն 3-րդ մոտեցմամբ իրեն ենթարկեց պոկում վարժության նախնական 148 կգ քաշը: Հրում վարժությունում էլ առաջին մոտեցմամբ բարձրացնելով 173 կգ, Միրզոյանը ձախողվեցՙ 181 կգ-ը բարձրացնելիս:
Մինչեւ 85 կգ քաշային կարգում էլ Հայաստանից հանդես եկան 2 ծանրորդներ: Առավել հաջողը Աղվան Մելիքյանի ելույթն էր, որը երկամարտի 354 կգ (160+194) արդյունքով գրավեց 2-րդ տեղը: Ընդ որում պոկում վարժությունում նա միայն մեկ հաջող մոտեցում կատարեց եւ 160 կգ արդյունքով ի հաշիվ ավելի թեթեւ անձնական քաշի, փոքր արծաթե մեդալ նվաճեց: Հրում վարժությունում էլ 2-րդ մոտեցմամբ նա բարձրացրեց 194 կգ-ը, ինչը նրան եւս մեկ արծաթե մեդալ պարգեւեց: Երկամարտում էլ նա արծաթե մրցանակակիր դարձավ: Մելիքյանը երկամարտում 10 կգ-ով զիջեց չեմպիոն հռչակված բելառուսցի Նիկոլայ Նովիկովին` 364 կգ (165+199): Բրոնզե մրցանակակիր դարձավ ռուսաստանցի Վյաչեսլավ Ուշակովը` 352 կգ (160+192):
Արամ Անդրիկյանը երկամարտի 349 կգ (156+193) արդյունքով գրավեց 4-րդ տեղը: Հրում վարժությունում նա երկու անգամ փորձեց բարձրացնել 198 կգ-ը, սակայն ապարդյուն: Այլապես, ի հաշիվ ավելի թեթեւ անձնական քաշի, Արամը երկամարտում կգրավեր 2-րդ տեղը, իսկ Աղվան Մելիքյանը արծաթի փոխարեն բրոնզե մեդալ կստանար: Քաշային այս կարգում Ռումինիան ներկայացրած Գաբրիել Սանկրայանը երկամարտի 320 կգ (150+170) արդյունքով գրավեց 7-րդ տեղը:
Մինչեւ 94 կգ քաշայինների մրցավեճում Վարդան Դավթյանը երկամարտի 359 կգ (160+199) արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Պոկում վարժությունում նա արծաթե մեդալ նվաճեց, իսկ հրումում արժանացավ ոսկե մեդալի, քանի որ 50 գրամով թեթեւ էր լիտվացի Աուրիմաս Դիժբալիսից: Վերջինս էլ երկամարտի 362 կգ (163+199) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 3-րդ մրցանակակիրն ալբանացի Սերաֆին Վելին էր` 348 կգ (158+190):
Հայ ծանրորդների հաջող ելույթները գերազանց եզրափակեց գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը` նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 141 կգ անձնական քաշ ունեցող 19-ամյա հայ պատանին երկամարտում ցույց տվեց 416 կգ (181+235) արդյունք` 9 կգ-ով գերազանցելով արծաթե մրցանակակիր, ռուսաստանցի Դավիթ Կադանեցին: Ընդ որում Ռուբենը պոկում վարժությունում 181 կգ արդյունքով նույնիսկ մեդալ չնվաճեց: Սակայն հրում վարժությունում նա գերազանցեց բոլորին: Բավական է նշել, որ 2-րդ արդյունքը ցույց տված Կադանեցը հրումում 11 կգ-ով հետ մնաց հայ ծանրորդից: Ռուբենի առավելությունն ավելի տպավորիչ կլիներ, եթե 3-րդ մոտեցմամբ բարձրացներ 241 կգ-ը: Բրոնզե մեդալակիր, ռուսաստանցի Իգոր Լուկանինը երկամարտում ցույց տվեց 405 կգ (185+220) արդյունք:
Մինչեւ 105 կգ քաշային կարգում թեեւ Հայաստանից մասնակից չկար, սակայն Եվրոպայի չեմպիոնը հայ ծանրորդն էր: Երկամարտի 391 կգ (170+221) արդյունքով չեմպիոն դարձավ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկած Դավիթ Բեժանյանը: Նա անձնական ավելի թեթեւ քաշի շնորհիվ առաջ անցավ նույնպիսի արդյունք ցույց տված լեհ Դանիել Դոլեգայից: Բրոնզե մրցանակակիր դարձավ ռուսաստանցի Մաքսիմ Մատվեեւը` 388 կգ (171+217):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ