«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2009-10-16 | #188, 2009-10-17 | #189, 2009-10-20


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանական Azerisport.com ինտերնետային կայքէջի տեղեկացմամբ, Հալկիդիկիում կայացած ՖԻԴԵ-ի 80-րդ նստաշրջանի որոշմամբ, շախմատի աշխարհի չեմպիոնի 8 հավակնորդների մրցախաղը պետք է անցկացվի 2010-ին Բաքվում: Ըստ կայքէջի, Լեւոն Արոնյանը, որ մցաշարին մասնակցելու իրավունք էր նվաճել Գրան պրիի խաղարկությունում ժամկետից շուտ հաղթելու շնորհիվ, հրաժարվել է Բաքվում խաղալուց: Ուստի ՖԻԴԵ-ն որոշել է մրցաշարն անցկացնել 2 երկրում: Նույն կայքէջի հավաստմամբ, իբր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր ՖԻԴԵ-ինՙ առաջարկելով Երեւանի թեկնածությունը, սակայն ադրբեջանական կողմը դեմ է եղել դրան: Ուստի ՖԻԴԵ-ն որոշել է մրցաշարի 2-րդ մասն անցկացնել այլ երկրում:

Այս առնչությամբ ArmSport.am կայքէջին հետեւյալ մեկնաբանությունն է տվել «Շախմատային Հայաստանի» գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը , որը մասնակցել է այդ նստաշրջանին. «Նախապես որոշված էր, որ 8 հավակնորդների մրցաշարը կայանալու է 2 քաղաքներում: Դրանցից մեկն արդեն հայտնի է. դա Բաքուն է: Երկրորդ քաղաքը դեռեւս որոշված չէ: Բնականաբար, Արոնյանն ընդգրկված է 2-րդ քաղաքում հանդես եկող շախմատիստների ցանկում: Հստակ կարող եմ ասել, որ նման հարց դրված չի եղել եւ Արոնյանը ոչնչից չի հրաժարվել: Սերժ Սարգսյանի առաջարկի մասին խոսելը նույնպես անիմաստ է, քանի որ դրա մասին մենք առաջինը կիմանայինք»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4