«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2009-10-17 | #189, 2009-10-20 | #190, 2009-10-21


ԳՅՈՒԼԸ, ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ

Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման» կազմակերպությունը (ՂԱԿ) բողոքի ակցիա է անելու` կապված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուի եւ Հայաստանի փոխարտգործնախարար Կիրակոսյանի Բաքու կատարելիք այցի հետ:

Վերջիններս Ադրբեջանում պետք է մասնակցեն Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների հերթական նիստին:

Ինչպես տեղեկացրել է ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նագին ` բողոքի ցույցը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին Բաքվի Hyatt Regency հյուրանոցի մոտ:

Նագինի խոսքերով` ցույցի նպատակն է արգելել Հայաստանի` «ագրեսոր» պետության պատվիրակության մուտքը Ադրբեջան, ինչպես նաեւ Թուրքիայի պատվիրակության, քանի որ Թուրքիան արձանագրություններ է ստորագրել «ագրեսոր» պետության հետ: «Մենք հորդորում ենք Ադրբեջանի իշխանություններին տեղի չտալ միջազգային կազմակերպությունների պահանջներին եւ արգելել հայկական պատվիրակության մուտքը Ադրբեջան, քանի որ նրանք բռնազավթել են մեր հողերը, եւ այսուհետեւ մենք էլ պետք է այլեւս Երեւան չմեկնենք` ամենատարբեր պատվիրակություններով», հայտարարել է Նագինը:

ՂԱԿ-ը գտնում է նաեւ, որ Թուրքիան` ստորագրելով Հայաստանի հետ արձանագրությունները, դավաճանել է Ադրբեջանին. «Այս կապակցությամբ մեր կազմակերպությունը Թուրքիայի նախագահ Գյուլին, վարչապետ Էրդողանին եւ նախարար Դավութօղլուին հայտարարում է Ադրբեջանում անցանկալի անձեր ու զգուշացնում, որ նրանց յուրաքանչյուր այցը մեր երկիր կուղեկցվի բողոքի ակցիաներով», շեշտել է դավաճանված Ակիֆ Նագին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4