«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2009-10-17 | #189, 2009-10-20 | #190, 2009-10-21


ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՆՉԻՆ ՉԱՓՈՎ Է ԿՐՃԱՏՎԵԼ

Հունվար-սեպտեմբերին կազմելով 18,3 տոկոս

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական անկումը կազմել է 18,3 տոկոս: Հունվար-հուլիսին տնտեսական անկումը 18,5 տոկոս էր, հունվար-օգոստոսինՙ 18,4 տոկոս: Այսինքն` վերջին երկու ամիսներին անկումը նվազել է 0,1-ական տոկոսով:

Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 2 տրիլիոն 123 մլրդ դրամ: Սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է 4,8 տոկոս տնտեսական աճ: Փաստորեն, մայիսից սկսված, յուրաքանչյուր հաջորդ ամիս նախորդ ամսվա համեմատ տնտեսական աճի արձանագրման միտումը շարունակվում է: Այս ամիս նախորդ ամսվա նկատմամբ աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բայց առավելապեսՙ գյուղատնտեսությունում եւ շինարարությունում:

Ըստ տնտեսության ճյուղերի, 2009-ի հունվար-սեպտեմբերին պատկերը հետեւյալն է: Արդյունաբերության անկումը կազմել է 11,4 տոկոս, իսկ միայն սեպտեմբերին օգոստոսի համեմատ այստեղ արձանագրվել է 6,4 տոկոս աճ: Առանց էլեկտրաէներգիայի արտադրության արդյունաբերության անկումը կազմել է 10,3 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-սեպտեմբերին նվազել է 12,6 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 1,3 տոկոսով, բայց սեպտեմբերին օգոստոսին նկատմամբ աճել է 29,2 տոկոսով:

Մանրածախ առեւտրում այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 0,8 տոկոս աճ, իսկ սեպտեմբերին` օգոստոսի նկատմամբ, 5,5 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում հունվար-սեպտեմբերին արձանագրվել է 1,2 տոկոս անկում, իսկ սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ գրանցվել է 6,2 տոկոս աճ:

Շինարարության ոլորտում, ինչպես արդեն նշեցինք, սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ գրանցվել է զգալիՙ 25,6 տոկոս աճ, բայց նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ դեռեւս պահպանվում է նկատելի անկումՙ 43,8 տոկոսով:

Արտաքին առեւտրաշրջանառությունն այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 2 մլրդ 732 մլն դոլար եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 30,7 տոկոսով: Սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 7 տոկոսով:

Արտահանումը կազմել է 480 մլն դոլարՙ նվազելով 41,5 տոկոսով, ներմուծումը 2 մլրդ 251 մլն դոլարՙ նվազելով 27,9 տոկոսով: Սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ արտահանման ծավալներն ավելացել են 26,5 տոկոսով, իսկ ներմուծմանը` աճել 3,3 տոկոսով: Արտահանման առեւտրային բացասական հաշվեկշիռը կազմել է ավելի քան 1,7 մլրդ դոլար: Այսինքն, արտաքին առեւտրի ցուցանիշներն այս ամսին վատթարացել են:

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 10,3 տոկոսով: Միջին աշխատավարձն ավելացել է 12 տոկոսով` կազմելով մոտ 98 հազար դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է մոտ 82 հազար դրամ, մասնավորումՙ 122 հազար դրամ:

Փաստորեն, Հայաստանում տնտեսական անկումը թեեւ կանգ է առել, բայց կրճատվում է շատ դանդաղ: Ակնկալվում է, որ այդ գործընթացն ավելի կարագանա տարվա վերջին ամիսներին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4