«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2009-10-17 | #189, 2009-10-20 | #190, 2009-10-21


ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Առաջարկում է Արման Մելիքյանը

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի համար հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը մտահոգիչ է ոչ թե այն պատճառով, որ երկու երկրների միջեւ մերձեցման գործընթաց է սկսվել, այլ որովհետեւ գործընթացի սկիզբը մեկնարկել է անհասկանալի կերպով, եւ դեռ հայտնի չէ, թե հետագան ինչպես կընթանա: «Հայաստանը գլխապատառ նետվեց առաջ, մինչդեռ պարզ էր, որ գործընթացի մթնոլորտը փոխադարձ անվստահությունն ու կասկածամտությունն են», ասաց Մելիքյանը:

Նա նկատում է, որ իշխանությունները հասարակությանը եւ փորձագետներին դրեցին երկընտրանքի առջեւ` կա՛մ վավերացնել, կա՛մ մերժել: Մելիքյանի մատուցմամբ` որոշումը կայացվել էր վաղուց եւ հիմա պարտադրվում է հասարակությանը, եւ հանրությունը բաժանվել է երկու խմբի: Առաջին խմբում այն մարդիկ են, որ ծափահարում են իշխանություններին, մյուս խմբում` դեմ արտահայտվողները: Մելիքյանը վստահ է, որ արձանագրություններին դեմ դուրս եկողների ձեռքն այնքան էլ ուժեղ չէ: Առաջին պատճառը արտաքին գործոնն է, քանի որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Եվրոմիությունը արձանագրություններին սատարում են: Երկրորդը պատճառը ներքաղաքական խնդիրներ են, քանի որ արձանագրությունների դեմ պայքարում են ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն:

«Ցավոք, ազգային մտածողությունն ու ժողովրդավարական գաղափարները չեն կարողանում միասին յոլա գնալ: Իրավիճակի բացասական զարգացման դեպքում նշված երկու կուսակցություններն առանձին-առանձին չեն կարող խոչընդոտել կամ իշխանափոխության հաջող փորձ իրականացնել: Նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրն է լուծում, ՀՅԴ-ն` ցեղասպանության հարց, ՀԱԿ-ը` ժողովրդավարության հարցեր»:

Մելիքյանը վստահ է, որ Ղարաբաղի հարցը կապակցված է հայ-թուրքական արձանագրություններին: Հղում կատարելով պատմությանը` նա նկատում է, որ մինչ արձանագրությունների ստորագրումը պետք է չեղյալ համարել Կարսի պայմանագիրը, այլապես արձանագրությունները կդառնան վերոնշյալ պայմանագրի հավելված: «Եթե դա տեղի չունենա, ապա Ադրբեջանը ներկա է գտնվելու հայ-թուրքական հարաբերություններում: Եթե ներկա է Ադրբեջանը, առկա է նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը», ասաց Մելիքյանը` կարծիք հայտնելով, որ մինչեւ տարեվերջ ղարաբաղյան հիմնահարցում լուրջ տեղաշարժեր են սպասվում:

ԼՂՀ նախկին արտգործնախարարը վստահ է, որ արձանագրությունները խոչընդոտում են նաեւ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: «ԱՄՆ-ը կարող է հայտարարել, որ Հայաստանն ու Թուրքիան համատեղ ելքեր են գտնում, հետեւաբար կարիք չկա որեւէ այլ պետության միջամտության: Այս կերպ ոչ ԱՄՆ-ը, ոչ այլ պետություններ ցեղասպանության ճանաչման խնդիր չեն կարող ունենալ եւ կազատվեն այդ գլխացավանքից»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4