Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից հետո, մեր տարածաշրջանում սկսվում է աշխարհաքաղաքական փոփոխությունների նոր ժամանակաշրջան, որը ոչ միայն նոր հնարավորությունների, այլեւ նոր մարտահրավերների շրջանն է: Պայմանավորված այս հանգամանքներով, մեր ժողովրդը, առավել քան երբեւէ, կարիք ունի միասնության եւ միակամ գործունեության:
Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ իր նախորդ հայտարարություններում («Ազգ», 3 սեպտեմբերի եւ 10 հոկտեմբերի) նշել է, որ սկզբունքորեն կողմ լինելով երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, եւ գիտակցելով սկսված գործընթացը Հայաստանի կողմից խափանվելու դեպքում մեր երկրի առջեւ ծառանալիք վտանգների լրջությունը եւ միջազգային մեկուսացման մեջ հայտնվելու հավանականությունը, չի սատարում արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու փորձերը:
Միաժամանակ կիսելով մեր ժողովրդի արդարացի մտահոգությունները ստորագրված արձանագրությունների կետերի նկատմամբ, Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչությունը կոչ է անում միասնական ջանքերով մեղմել մտահոգությունները:
Պահանջում ենք, որ Ազգային Ժողովը, իրեն տրված լիազորությունների սահմաններում, արձանագրությունները վավերացնի առաջադրելով որոշակի պայման, որով ըստ էության կհստակեցվի Հայաստանի մոտեցումներն արձանագրության մեջ առկա վիճահարույց դրույթների նկատմամբ: ԱԺ-ի կողմից նմանատիպ պայմանի ընդունումը ուղեցուցային կդառնա Հայաստանի Հանրապետության ղեկավարության համար, որը հետագայում Թուրքիայի հետ հարաբերություններում կառաջնորդվի այդ պայմանով: Կարծում ենք, ԱԺ-ում այս պայմանի ամրագրման դեպքում այն պարտադիր կլինի նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության համար:
Արմենական-ՌԱԿ-ը, Թուրքիայի կողմից Ցեղասպանության հարցի հնարավոր շահարկումները կանխելու եւ ցույց տալու համար, որ Ցեղասպանության ճանաչման հարցում հայ ժողովուրդը միակամ է եւ դրանից երբեք չի հրաժարվի, հանդես է գալիս նախաձեռնությամբ` Ազգային Ժողովին առաջարկելով ընդունել օրենք, որով քրեորեն կհետապնդվի Հայոց ցեղասպանության ժխտման եւ կամ այն կասկածի տակ դնելու յուրաքանչյուր փորձ: Նման քայլով մենք կարտահայտենք մեր վճռականությունը եւ Հայ դատին պահանջատեր լինելու մեր անժամանցելի իրավունքները:
Արմենական-ՌԱԿ-ը շուտով հանրության դատին կներկայացնի օրենսդրական նախաձեռնությունը` Հայոց ցեղասպանության ժխտման եւ կամ այն կասկածի տակ դնելու ամեն մի փորձ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին:
ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ, Հանրապետական վարչություն, 20 հոկտ. 2009 թ.