«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2009-10-17 | #189, 2009-10-20 | #190, 2009-10-21


ՄԵՐ ՁԵՌԱԳՐԱՑ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԵՍԴԱՐՅԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

«50-ամյակի այս արարողությունը մեզ մղում է հայացք նետել անցած դարակեսին, ի մի բերել եւ իմաստավորել Մատենադարանի անցած ուղին, առանց որի հնարավոր չէ ուղենշել գալիքը: Այս առումով անհրաժեշտ է ստեղծել Մատենադարանի տարեգրությունը, ուրվագծել նրա սկզբնավորման ու զարգացման ընթացքը, որ հավասարաչափ չի եղել, հաճախ մեծ կորուստներ ենք ունեցել, որ անհնար է վերականգնել, հաճախ, ինչպես եւ մեր ողջ գիտական կենտրոններում, կանգ է առել կամ դանդաղել է սերնդափոխությունը, որ հայագիտության բնականոն զարգացման միակ երաշխիքն է: Դա հնարավորություն կտա պարզել, թե որտե՞ղ ենք հաջողել, որտե՞ղ ենք թերացել, որո՞նք են մեր բացթողումներն ու ձեռքբերումները:

Այս ամենը մեզ թույլ կտա տեսնել նաեւ այսօրվա բացերը, ուղղորդել եւ հունավորել մեր ապագա աշխատանքները, որոնք մեծապես կապված են նաեւ սերնդի հայագետների, մեր կրտսեր գործընկերների հետ: Ամեն սերունդ կայանում է համարձակ, խիզախ ձեռքբերումներով, բայց եւ ամենօրյա տքնաջան աշխատանքով եւ օրինակելի վարքով, որ հարիր է Մատենադարանին, քանի որ մեր հավաքական աշխատանքը, զգում ենք մենք դա, թե ոչ, հարաբերվում է Մատենադարանի ողջ պատմությանը, մեր ձեռագրաց աշխարհին, որ մեր մշակույթի ու պատմության խորացումն է, որ նաեւ մարդկային, ստեղծագործական փորձի եւ դրա փոխանցման առաքելությունն ունի, որ մեզ են «հանձնում» մեր բարբառող ձեռագրերը, որ հաճախ ուսուցանում են մեզ վարքերի լեզվով», Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ելույթում ասված այս խոսքերով երեկ բացվեց հայագիտական միջազգային գիտաժողովը` նվիրված Մատենադարանի` որպես գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին:

Մատենադարանի տնօրենը հույս հայտնեց, որ 2 տարի անց բոլորս ներկա կգտնվենք նոր գիտական համալիրի բացման արարողությանը: Շենքի հիմնարկեքը, որ տեղի ունեցավ Հայաստանի նախագահի հանդիսապետությամբ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, սկիզբ դրեց Մատենադարանի 50-ամյակին նվիրված հանդիսություններին, որոնք կամփոփվեն նոյեմբերի 11-ին:

«Այդ հոյակերտ շենքն օժտված է լինելու նորագույն տեխնոլոգիաներով, հրաշալի ներքին հարդարանքով եւ աշխատակիցների համար լավագույն պայմաններով, ծառայելու է հայագիտության հին ու նոր սերունդներին, հնարավորություն է ընձեռելուՙ ընդլայնելու մեր կապերը միջազգային գիտական կենտրոնների հետ, նոր մակարդակի է բարձրացնելու սկզբնաղբյուրների գիտական շրջանառության ու ուսումնասիրության խնդիրները:

Փորձենք նմանվել մեր նախնիներին եւ ուժ ստանալ նրանցից, ինչպես 50 տարի առաջ, հիմնադրելով եւ սկզբնավորելով Մատենադարաննՙ իբրեւ գիտահետազոտական կենտրոն, վարվեցին մեր երախտավորներըՙ Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լեւոն Խաչիկյանի գլխավորությամբ: Մեր սերն ու խոնարհումը նրանց բոլորինՙ անուն առ անուն», ասաց Թամրազյանը:

Մատենադարանցիներին շնորհավորանքի խոսքեր հղեցին ՀՀ ԿԳ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը , ԳԱ ակադեմիայի հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը , Պետերբուրգի ազգային գրադարանի ձեռագրագետ Լյուդմիլա Կիսելյովան , ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը եւ ուրիշներ:

Եռօրյա գիտաժողովի առաջին օրը բավականին հագեցած էր ոչ միայն բարեմաղթանքներով, այլեւ 12 զեկուցումներով, որ հնչեցին հայագետներ Պարույր Մուրադյանի (Հայաստան), Տիգրան Գույումճյանի (Մ. Նահանգներ), Հերման Գոլցի (Գերմանիա), Արմենուհի Դրոստ-Աբգարյանի (Գերմանիա), Գեւորգ Տեր-Վարդանյանի (Հայաստան, Մատենադարան), Վահան վրդ. Հովհաննիսյանի , Արմեն Կլոդ Մութաֆյանի (Ֆրանսիա) եւ այլոց ընթերցմամբ:

Գիտաժողովի այսօրվա ծրագրում ընդգրկված են Գոհար Մուրադյանի (Հայաստան), Շտեֆան Հայմանի (Գերմանիա), Հակոբ Քյոսեյանի (Հայաստան), Ագնես Ուզունյանի (Փարիզ), Փիթեր Քաուիի (Մ.Նահանգներ) եւ այլոց զեկուցումները: Գիտաժողովի ընդմիջմանը` 13.00-ին, Մատենադարանի կենտրոնական ցուցասրահում կբացվի Մատենադարանի լատինատառ ձեռագրերի ցուցահանդեսը, իսկ գիտաժողովի ավարտից հետո` 18.30-ին, Մատենադարանի հարթակում տեղի կունենա դասական երաժշտության համերգ` Հայաստանում Գերմանիայի դեսպանատան նախաձեռնությամբ: Համերգի առաջին բաժնում կհնչեն Մակար Եկմալյանի «Ճաշու շարականը» եւ «Ամեն հայ սուրբ» եւ Կոմիտասի «Ի վերին Երուսաղեմ» ստեղծագործությունները` վոկալ քառյակի կատարմամբ, իսկ երկրորդ բաժնում` Մոցարտի, Հենդելի, Բրամսի, Բախի, Պիացոլայի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից` «Սկերցո» լարային քառյակի կատարմամբ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4