Ռուդիկ Պետրոսյանը Ամերիկայի կառավարության հրավերով տեղափոխվեց Նյու Ջերսի
Այս հեզահամբույր, աշխատասեր, բազմատաղանդ գեղանկարիչը, Հայաստանի ու Լիբանանի դժվարին օրերին այցելեց Բեյրութ ու ավելի քան մի տասնամյակ օժանդակեց լիբանանահայ ու լիբանանյան արվեստի ու մշակույթի զարգացմանը:
Ռուդիկ Պետրոսյանին սիրեցին բազմահազարամյա քաղաքակրթություն ունեցող Փյունիկե-Լիբանանում: Նա մասնակցեց բազմաթիվ խմբային եւ անհատական ցուցահանդեսների, իր շնորհալի դստերՙ Մերի Պետրոսյանի հետ, հիացնելով հայկական վառ գույների, մանրանկարչության հասնող արվեստի, բնանկարների, սրբանկարների, մոնումենտալ նկարչության բազմաթիվ ստեղծագործություններով: Նրանց մեծ մասը զարդարում են լիբանանցի, թե օտար ակնառու դեմքերի բնակարանները, միությունների ու կազմակերպությունների դահլիճները, մշակույթի պալատները, եկեղեցիներն ու վանքերը: Նյու Ջերսի մեկնելուց առաջ, Բեյրութի արվարձաններից Զալքայի հայ կաթողիկե Սուրբ խաչ եկեղեցում նա թողեց Քրիստոսի «Վերջին ընթրիքը» մոնումենտալ գեղանկարը, որտեղ Տիրոջ աջ կողմը նստած է լիբանանահայ ազգային ու մշակութային նշանավոր դեմք, հայագետ ու գրաբարագետ հայր Անդրանիկ Կռանյանը... Ռուդիկ Պետրոսյանը Անթիլիասի Արամ Ա. Վեհափառ հայրապետին նվիրել էր հոյակապ մի դիմանկար եւս, միաժամանակՙ Լիբանանի քրիստոնյա տարբեր համայնքների կրոնական ղեկավարներ պատիվ են համարել ունենալ արցախահայ նկարչի վրձնով «ծնված» դիմանկարներն ու սրբապատկերները:
«Մենք ժամանակավորապես բնակություն հաստատեցինք սփյուռքահայ այս հրաշալի գաղթօջախում եւ այժմ նույնպես ժամանակավորապես մեկնում ենք Ամերիկաՙ մուտք գործելու գեղարվեստի բարձրագույն շրջանակներՙ ապա դարձյալ վերադառնալու մեր մայր հայրենիքը, որ բոլոր հայերիս վերջին հանգրվանը, ներշնչողը, կյանքի եւ ստեղծագործության աղբյուրն է», հուզված իր հրաժեշտի խոսքում նշեց Ռուդիկ Պետրոսյանը : Նա խոստացավ ժամանակ առ ժամանակ այցելել իր «երկրորդ հայրենիքը»ՙ Լիբանան, ուր անմոռանալի հուշեր ունի եւ որտեղ անցկացրել էր իր` արվեստագետի կյանքի լավագույն տարիները:
ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ
Խմբագրի կողմից.- Վստահ կարելի է ասել, որ գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանը Մ. Նահանգներում, դատելով իր գործերի լուսանկարային վերատպություններից, համաշխարհային գլուխգործոցներ հաստատ չի արտադրելու: Նա, որոշապես, բիզնես է արել Լիբանանում եւ նույնը կշարունակի անել Նյու Ջերսիում: Միայն բիզնես: Դա վատ չէ, ոչ միայն իր, այլեւ... ոչ մեկի համար: Սակայն, ի սեր Աստծո, հայրենասիրական խոսքեր պետք չեն, ոչ էլ Արցախի վկայակոչումը որպես... «խղճմտանքի ձայն» կամ «բիզնես PR»: Ամեն ինչ պետք է պահել պարկեշտ պարունակի մեջ: Բիզնե՞ս ես անում, քո՛ իրավունքն է: Բայց ոչ ոքի արցախասիրությունը մի՛ շահագործիր: Արա քո գործը, նույնիսկ... Նյու Ջերսում: Իսկ Արցախ վերադառնալը կամ չվերադառնալը... քո գործն է, եղբայր: Մեզ չի հետաքրքրում:
Նկար 1. Ռուդիկ Պետրոսյանը Հայր Անդրանիկ Կռանյանի հետ, իր գեղանկարի ֆոնին: