Եվրոմիությունը ձեռնարկել է համացանցում էլեկտրոնային գրադարանի ստեղծումը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը: Այդ մասին հայտարարվել է Ֆրանկֆուրտում անցկացվող գրքի միջազգային տոնավաճառում: Էլեկտրոնային գրադարանը կպարունակի ԵՄ հիմնադրման տարվանից (1952) մինչեւ օրս թողարկված հրապարակումներն ու վավերագրերը: Ցանցային գրադարանի ֆայլերից հնարավոր կլինի օգտվել միանգամայն անվճար:
ԵՄ լեզվական զարգացման հանձնախմբի ներկայացուցիչ Լեոնարդ Օրբանի խոսքերով, ժողովածուի բոլոր փաստաթղթերը թարգմանված են 50 լեզվով: Էլեկտրոնային գրադարանում ամենահին փաստաթուղթը ԵՄ հիմնադիրներից մեկը համարվող ֆրանսիացի ձեռնարկատեր Ժան Մոնեի ելույթի սղագրությունն է:
Եվրոմիությունը հույս ունի, որ վավերագրերի ցանցային ժողովածուի բացումը հավելյալ գործիք կդառնա կազմակերպության գործունեության նկատմամբ կանխակալ կարծիքների հաղթահարման առումով: «Մենք որոշել ենք պահպանել առավելագույն թափանցիկություն. ամենքը կարող են ծանոթանալ մեր օրենսդրական հրապարակումներին», ասել է Օրբանը:
Եվրոմիության գրադարանը պարունակում է 140 հազար վավերագիր (12 մլն էջ): Հրապարակումների սքանավորումը սկսվել է դեռ 2008-ի փետրվարին: Նախագծի իրականացման նպատակով ներդրվել է մոտ 2,5 մլն եվրո: