Փարիզի հռչակավոր Գավո սրահում տեղի ունեցած մեծ համերգով եզրափակվել է Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված շաբաթը, որն անցկացվում էր Ֆրանսիայի եւ Հայաստանի մշակույթի նախարարությունների հովանու ներքո: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվության բաժինը, համերգին ներկա են գտնվել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ֆրանսիայի քաղաքական եւ հասարակական դեմքեր, գիտության ու մշակույթի գործիչներ, նշանավոր անհատներ: Ներկաներն ունկնդրել են Կոմիտասի գործերը դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի, երգիչներ Բարսեղ Թումանյանի (բաս), Ջուլիետա Գալստյանի (մեցցո-սոպրանո) եւ Հասմիկ Թորոսյանի (սոպրանո), «Նաիրի» խմբի, որը ղեկավարում է Հայկ Դավթյանը (Ֆրանսիա), «Արպեջիոն» քառյակի (Ֆրանսիա) կատարմամբ: Համերգի առանցքը կազմեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի ելույթը Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, որի ընթացքում կատարվեցին Կոմիտասի հարսանեկան ու գեղջկական երգեր ու պարեր, ինչպես նաեւ Կոմիտասի տաղերի հիման վրա կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանի հատուկ այս առիթով գրած «Մենավոր» երգերի շարքը:
Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված շաբաթն սկսվել էր հոկտեմբերի 13-ին Փարիզի Աշխարհի մշակույթների տանը տեղի ունեցած դասախոսություն-համերգով, որի ընթացքում երաժշտագետներ Մհեր Նավոյանը (Հայաստան) եւ Անտոնի Ժիրարը (Ֆրանսիա) ներկայացրին Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը, նրա դերը հայ ազգային եւ համաշխարհային երաժշտության զարգացման մեջ: Հոկտեմբերի 15-ին Կոմիտասի գործերը հնչեցին Փարիզի Սեն-Լուի տաճարի սրահում Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ, որն անցավ մեծ հաջողությամբ:
Հայ-ֆրանսիական համատեղ ֆիլմարտադրությունը հեռանկարային է
Փարիզի Գավո սրահում Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված համերգից առաջ, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարար Ֆրեդերիկ Միտերանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա տարիներին հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու հնարավորությունները, նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները նախանշող նոր շրջանակային համաձայնագիր ստորագրելու առնչությամբ: Այս առումով, Հայաստանի համար մասնավոր հետաքրքրություն է ներկայացնում համատեղ կինոարտադրությունը, որի ուղղությամբ կատարվում են իրավական բազայի ստեղծման աշխատանքներ: Տեղեկացնելով, որ 2012 թ. Հայաստանը նշելու է իր տպագիր գրքի 500-ամյակըՙ ՀՀ մշակույթի նախարարը խնդրել է Ֆրանսիայի աջակցությունը ՅՈՒՆԷՍԿՕ-ում Երեւանը գրքի միջազգային մայրաքաղաք ճանաչելու հարցում:
Նոր մատենագիտական ժողովածու Կոմիտասի մասին
Ռաֆիկ Ղազարյանը հեղինակել է «Կոմիտաս» մատենագիտական ժողովածուն, որի շնորհանդեսը Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ: «Տարեգրություն», «Կոմիտասն է ասում», «Գնահատանքի խոսք», «Հուշեր», «Կոմիտասը բանաստեղծություններում», «Մատենագիտություն»ՙ այսկերպ են վերնագրված գրքի 6 բաժինները, որոնց ամբողջությունը ներկայացնում է Կոմիտասի կյանքի եւ գործունեության համառոտ տարեգրությունը, նրա խոսքերը` երաժշտության, պարի, դաստիարակության, լեզվի մասին, հայ եւ օտարազգի մեծերի կարծիքները նրա մասին: Ժողովածուն ներառում է նաեւ Փանոս Թերլեմեզյանի, Ավետիք Իսահակյանի եւ այլոց հուշերը Կոմիտասի մասին: Գրքում կան հարուստ փաստագրական նյութեր, լուսանկարներ եւ Կոմիտասի ձեռագրերից:
Ն. Պ.