«Սա այն պահերից է, երբ ստանում ես ջերմություն, որն օգնում է ավելի շատ աշխատել երիտասարդների բարեկեցիկ ապագայի համար, ավելի շատ գործել հայապահպանության համար: Այս մրցույթում չկան պարտվողներ, մասնակցությունն արդեն հաղթանակ է: Մրցույթը կոչված է բարձրացնելու գիտակցությունը, որ երեխաները մեր հաղթական ապագան են եւ նրանց շնորհիվ հնարավոր է հաղթահարել անհաղթահարելին», այսպես սկսեց իր ելույթը Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով «Իմ հեռու, իմ մոտ, իմ սուրբ Հայաստան» թեմայով լավագույն գրական ստեղծագործության միջազգային 5-րդ մրցույթի արդյունքների ամփոփման արարողության ժամանակ, հոկտեմբերի 16-ին, Հ. Պարոնյանի անվան թատրոնում: Հատկանշական է, որ այս տարի մրցույթին իրենց մասնակցությունն էին ցուցաբերել նաեւ Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից եւ Վրաստանից մեծ թվով հայ երիտասարդներ: Արա Աբրահամյանը հույս եւ ցանկություն հայտնեց, որ ժամանակի ընթացքում սփյուռքահայ երիտասարդների մասնակցության շրջանակը կընդլայնվի:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ բարձր գնահատելով ՌՀՄ-ի տասը տարվա գործունեությունը, հայտարարեց, որ որ 2010-ի շարադրության թեման արդեն հայտնի է` «Հայաստան-սփյուռք միասնության մեջ է մեր ուժը», ինչը նպաստելու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը նաեւ երիտասարդության շրջանում:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ շնորհակալություն հայտնելով Արա Աբրահամյանին` Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման ուղղված ջանքերի համար, ցանկություն հայտնեց, որ այդ հարաբերությունների մասին մեր հոգեբանությունը փոխվի: «Պահպանելով «Հայաստանը համայն հայության հայրենիքն է» նշանաբանը` նաեւ օգտագործենք, որ «Հայաստանը համայն հայության պետությունն է», ասաց նա:
Գլխավոր մրցանակակիրներին Արա Աբրահամյանը հանձնեց պատվոգրեր ու համակարգիչ: Մրցույթի բազմաթիվ մասնակիցներ արժանացան խրախուսական մրցանակների, ինչպես նկատեց Արա Աբրահամյանը, որպեսզի երիտասարդների կամքը չկոտրվի եւ շարունակեն ավելի ոգեւորված ստեղծագործել:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ