WBC-ի վարկածով գերծանր քաշային կարգի աշխարհի ներկայիս չեմպիոն Վիտալի Կլիչկոն ամերիկացի Կրիս Արեոլային հաղթելուց հետո որոշել է շատ չհանգստանալ: Մինչեւ տարեվերջ նա եւս մեկ անգամ կփորձի պաշտպանել իր տիտղոսը: Կլիչկոյի հաջորդ մրցակիցն ամերիկացի Քեւին Ջոնսոնն է, որն առայժմ պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի է: Այդ մենամարտը կկայանա Բեռնում, դեկտեմբերի 12-ին:
Անցկացրած 23 մենամարտից 22-ում Ջոնսոնը հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի: Ընդ որում, 9 անգամ նա մրցակիցներին նոկաուտի է ենթարկել: Իր վերջին մենամարտը նա անցկացրել է մայիսինՙ տեխնիկական նոկաուտով հաղթելով իր հայրենակից Դեւին Վարգասին:
Վիտալի Կլիչկոն այս տարի արդեն 3-րդ անգամ է պաշտպանելու չեմպիոնական գոտին: Մարտին նա տեխնիկական նոկաուտով 9-րդ ռաունդում հաղթել է կուբացի Խուան Կառլոս Գոմեսին, իսկ սեպտեմբերին ամերիկացի Կրիս Արեոլան 10-րդ ռաունդում հրաժարվեց շարունակել մենամարտը:
«Լոս Անջելեսում Կրիս Արեոլայի հետ մենամարտում Վիտալին դրսեւորեց իր բարձր կարգը: Դեկտեմբերին նա կրկին կմրցի շատ ուժեղ մրցակցի հետ: Ջոնսոնն անպարտելի է, վստահ է իր ուժերին եւ գիտակցում է, թե ինչպիսի հիանալի հնարավորություն է ստացել», նշել է Կլիչկո եղբայրների պրոմոութերական ընկերության գործերի կառավարիչ Բեռնդ Բենտեն:
«Հիանալի մարզավիճակում եմ: Լոս Անջելեսում հիանալի մենամարտ անցկացրի եւ այժմ անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ կրկին ռինգ դուրս գալու: Քեւին Ջոնսոնը շատ վտանգավոր մրցակից է, որն առայժմ պարտություն չի կրել: Բացի այդ, նա տեխնիկապես ավելի լավ է պատրաստված, քան Կրիս Արեոլան: Ջոնսոնին չեմ թերագնահատում, սակայն չեմ կասկածում, որ կարող եմ հաջողությամբ պաշտպանել չեմպիոնի տիտղոսը», հայտարարել է Վիտալի Կլիչկոն:
Իր ուժերին վստահ է նաեւ Ջոնսոնը. «Քրտնաջան մարզվել եմ, որպեսզի ստանամ այդ հնարավորությունը, ինչը ձեռքից բաց չեմ թողնի: Դեկտեմբերի 12-ին աշխարհն ամերիկացի չեմպիոն կունենա: Ցավում եմ, որ ստիպված կլինեմ Վիտալիի տրամադրությունը փչացնել Ամանորից առաջ»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ