«Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանն առաջիկա 6 ամիսներին հանդես կգա Իրանի առաջին խմբի առաջնության մասնակից «Սանատ Նավթ» թիմում: Փաչաջյանը մեկնել էր Իրան, որտեղ կարճատեւ պայմանագիր է կնքել այդ ակումբի հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լեւոն Փաչաջյանը մինչեւ հունվար մնացել էր առանց ֆուտբոլի: Նորվեգական «Ֆրեդրիկստադից» վերադառնալով շվեդական ԳԱԻՍ, որի հետ հայ ֆուտբոլիստը չորսամյա պայմանագիր ուներ, պարզվել էր, որ թիմը Փաչաջյանին չի հայտավորել Շվեդիայի առաջնությունում: Փաստորեն, նա մինչեւ վերահայտավորման ժամկետը (հունվարին) չէր կարող խաղադաշտ դուրս գալ: Ստեղծված իրավիճակում կողմերի փոխհամաձայնությամբ Փաչաջյանը խզեց պայմանագիրը ԳԱԻՍ-ի հետ ու վերադարձավ Երեւան: Սակայն Հայաստանի առաջնությունում «Փյունիկի» կազմում էլ նա չէր կարող հանդես գալ, քանի որ այստեղ էլ տրանսֆերային պատուհանն արդեն փակվել էր: Այնպես որ միակ հնարավորությունը ներկա պահին Իրանի առաջին խմբի առաջնությունում հանդես գալն է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ