«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2009-10-20 | #190, 2009-10-21 | #191, 2009-10-22


ՉԱԽԱԼՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ «ԴԱՏԱՐԱՆԻ ԽԱՅՏԱՌԱԿ ԶԱՎԵՇՏԱԽԱՂԸ»

«Առ այսօր վերաքննիչ ատյանում տեղի ունեցած երկու դատական նիստերի ընթացքը ցույց է տալիս, որ դատավարությունը շարունակվում է տարվել նույն կոպիտ օրինախախտումներով, որոնք առկա էին եւ առաջին ատյանի դատալսումների ժամանակ»: Հոկտեմբերի 16-ին այսպիսի հայտարարություն է իր փաստաբան Ստեփան Ոսկանյանին փոխանցել ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը , որը ներկայումս պահվում է Ռուսթավի- 6 խիստ ռեժիմի գաղութում:

  Ստեփան Ոսկանյանին փոխանցված հայտարարությամբ Վահագն Չախալյանը հայտարարել է դատական նիստերին մասնակցելուց հրաժարվելու մասին: «2009 թ. հուլիսի 23-ին Վրաստանի վերաքննիչ դատարանում մեկնարկեցին իմ հոր` Ռուբեն Չախալյանի, կրտսեր եղբոր` Արմենի, եւ իմ նկատմամբ կայացված դատավճռի բողոքարկման դատալսումները», նշված է հայտարարության մեջ, հավելմամբ, որ շարունակական օրինախախտումների պատճառով Չախալյանը հրաժարվում է մասնակցել դատական նիստերին:

Չախալյանը հայտարարության մեջ մի քանի խախտում է առանձնացրել: Մասնավորապես, ըստ նրա, դատավարությունն ընթանում է առանց ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի, որին վրացական իշխանություններն անօրինական կերպով հրաժարվել են թույլ տալ իրականացնել պաշտպանությունը:

«Դատավորն անընդունելի հիմնավորումներով մերժում է պաշտպանական կողմի գրեթե բոլոր միջնորդությունները, դատալսումների հայերեն թարգմանությունը տարվում է խիստ անպատշաճ կերպով, ինչի հետեւանքով ես հնարավորություն չունեմ լիարժեք հետեւելու դրանց ընթացքին, ինչպես նաեւ մասնակցելու դրանց, այսինքն` իրականացնել բոլոր օրենքներով ինձ վերապահված պաշտպանության իրավունքը», իր գրության մեջ նշել է Չախալյանը:

Նա ընդգծել է. «Նման պայմաններում շարունակել մասնակցել դատավարությանը նշանակում է իմ կամքին հակառակ օրինականացնել դատարանի դահլիճում տեղի ունեցող խայտառակ զավեշտախաղը: Ուստի ես այլեւս հրաժարվում եմ կամովին մասնակցել դատական նիստերին»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին է նախատեսված վերաքննիչ դատարանում Չախալյանների գործի քննության նիստի շարունակությունը, ու թե ինչպիսին կլինի դատարանի մոտեցումը Չախալյանի այս հայտարարությանը, «Ազգը» կտեղեկացնի:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4