«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2009-10-20 | #190, 2009-10-21 | #191, 2009-10-22


ՎՐԱՑԻՆԵՐՆ ԻՐԱՐ ԵՆ ԱՆՑԵԼ

«Հայաստան-Թուրքիա հաղորդակցության վերականգնումը խիստ բացասական կլինի Վրաստանի համար»

Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումը յուրօրինակ մեկնաբանությունների ու զուտ վրացական դիտարկումների տեղիք է տվել հարեւան երկրում: Վրաստանում հնչող մեկնաբանություններն այնքան հիմնազուրկ են, որ անհեթեթության հասնող արտահայտությունների առկայությունը կարելի է բացատրել ստեղծված իրավիճակում որեւէ մոտեցում դրսեւորելու անկարողությամբ կամ առնվազն այն շփոթությամբ, որ Վրաստանում առաջացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանն ուղղված առաջին քայլերի իրականացումը:

Բնականաբար, որոշակի անորոշությունը սեփական գնահատականներում չի դրսեւորվում հաճելի մեկնաբանություններով, այլ, հակառակը, վրացական լրատվամիջոցները տարածում են այնպիսի եզրահանգումներ, որոնք առավելապես հակահայկական տրամադրությունների տիրույթում են, այլ ոչ «բարիդրացիական ու եղբայրական» ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների համատեքստում:

Մասնավորապես, «Գրուզիա օնլայն» լրատվավերլուծական կայքէջը փոխանցում է «Ախալի թաոբա» վրացական թերթում հրապարակված հարցազրույցը քաղաքագետ անվանվող Համլետ Չիպաշվիլու հետ, որի դիտարկումները Թուրքիայի հետ սահմանի բացման առնչությամբ ավելի շուտ հակահայկական մոտեցման դրսեւորում են, քան մտավորականի դատողություններ:

Չիպաշվիլու հայտարարությամբ, Թուրքիայի հետ սահմանի բացմանը կարող է հետեւել պաշտոնական Երեւանի կողմից Վրաստանի Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի համար ինքնավարության պահանջը: Իսկ ընդհանրական առումով, Չիպաշվիլին հայտարարել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաղորդակցության վերականգնումը կտրուկ ու բացասական ազդեցություն կունենա Վրաստանի վրա ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական կտրվածքով:

Սահմանի բացումից հետո, ըստ քաղաքագետ ներկայացվող Չիպաշվիլու, պաշտոնական Երեւանն ավելի ինքնավստահ կզգա իրեն ու իր պահանջներում ավելի պահանջկոտ կդառնա: Այս համատեքստում էլ Չիպաշվիլին հավանական է համարում, որ Հայաստանի նախագահը կպահանջի ինքնավարության կարգավիճակ Ջավախքի համար:

Հակահայկական թեմատիկան հայ-թուրքական զարգացումների ֆոնին վրացական լրատվամիջոցներում բնավ էլ չի սահմանափակվում: Թերեւս պատահական չէ, որ հենց այս օրերին են հայտնվում այնպիսի հրապարակումներ, որոնցում վրացական կողմից անհանգստություն է հնչում հայկական ատոմակայանի գործունեության առնչությամբ, կարծես վրաց մասնագետները երեկ են վերադարձել Մեծամորից:

Վրացական լրատվամիջոցները, ադրբեջանական էլեկտրոնային պարբերականներն էլ դրանց հետեւից, հաճույքով ու կրկնելու նախանձելի պատրաստակամությամբ են անդրադառնում այս կամ այն անձանց, մասնագետների բոլոր այն գնահատականներին, որոնք տվյալ պահին հայանպաստ ու հայաստանանպաստ կոչվելու չեն: Ատոմակայանի գործունեության առնչությամբ անհանգստությունն էլ նման մի թեմա է, որ թերեւս հիշվում է այն ժամանակ, երբ կարիք կա Հայաստանին վերաբերող բացասական հրապարակումներով համապատասխան տրամադրություններն անհրաժեշտ մակարդակին պահելու համար:

Մեկ այլ թեմա էլ, չգիտես որտեղից ու ինչ հիմնավորմամբ, բայց ակտիվորեն շրջանառվող «տեղեկությունն» է, թե «հայ սահմանապահները եւ տարբեր քրեական խմբեր Հայաստանից ժամանակ առ ժամանակ գողանում են ադրբեջանցիների, որոնք ապրում են Վրաստանի սահմանամերձ գյուղերում, ու աշխատեցնում»: Այս մտքի հեղինակն էլ, ոչ ավել, ոչ պակաս, ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի ղեկավար, փորձագետ Մամուկա Արեշիձեն է:

«Ազերիպրես» գործակալության տարածած լրատվության համաձայն, Արեշիձեն հայտարարել է, թե այդպիսի փաստեր շատ կան, թեեւ Արեշիձեն ոչ թե փաստեր է նշել հրապարակված նյութում, այլ միայն ադրբեջանցիների բողոքներն այդ առնչությամբ, ինչն, ինքնին, տվյալ դեպքում փաստ չես կոչի: Այնուամենայնիվ, փորձագետին հղում անելով, ադրբեջանական գործակալությունը նշում է, թե այդ առնչությամբ նամակներ են ուղարկվել համապատասխան ատյաններին, սակայն արձագանք չի եղել:

Հետաքրքրական է, թե ինչպես է նման հետազոտությունների կենտրոնի ղեկավարը միայն ադրբեջանական գյուղերի բնակիչների հայտարարությունների հիման վրա անում մեկնաբանություններ, որոնք լրջագույն մեղադրանք են ոչ միայն ինչ-որ քրեական խմբերի, այլեւ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող սահմանապահ ծառայությունների առնչությամբ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4