«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2009-10-20 | #190, 2009-10-21 | #191, 2009-10-22


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր կտրվի շախմատի Եվրոպայի կանանց 8-րդ եւ տղամարդկանց 17-րդ թիմային առաջնությունների մեկնարկը: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 9 տուր: Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն 38 հավաքականներ, կանանց մրցավեճում պարգեւները կվիճարկեն 28 հավաքականներ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականում հանդես կգան Լեւոն Արոնյանը (2773), Վլադիմիր Հակոբյանը (2698), Գաբրիել Սարգսյանը (2678), Արման Փաշիկյանը (2663) եւ Տիգրան Պետրոսյանը (2602): Հիշեցնենք, որ այս կազմով ( ավելացրած նաեւ Զավեն Անդրեասյանը) մեր շախմատիստները վերջերս «Միկայի» կազմում շախմատի եվրոպական գավաթների խաղարկությունում 2-րդ տեղն էին գրավել: Հայաստանի տղամարդկանց հավաքականն իր միջին վարկանիշով (2703) առաջնության 38 մասնակիցների մեջ 3-րդն է: Մեր թիմը զիջում է միայն Ռուսաստանի (2742) եւ Ադրբեջանի (2721) հավաքականներին: ՌԴ հավաքականն իրոք ուժեղ կազմ ունի: Թիմում ընդգրկված են 5 շախմատիստներ` Ալեքսանդր Մորոզեւիչը (2750), Դմիտրի Յակովենկոն (2742), Պյոտր Սվիդլերը (2741), Եվգենի Ալեքսեեւը (2725), Եվգենի Տոմաշեւսկին (2688): Ադրբեջանի հավաքականում հանդես կգան Թեյմուր Ռաջաբովը (2757), Վուգար Ղասիմովը (2740), Շահրիյար Մամեդյարովը (2721), Գադիր Հուսեյնովը (2667) եւ Ռաուֆ Մամեդովը:

ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Վեսելին Թոփալովը (2813) կգլխավորի Բուլղարիայի հավաքականը: Ուկրաինայի հավաքականում Վասիլի Իվանչուկի բացակայության պայմաններում առաջին խաղատախտակի վրա կխաղա Պավել Էլյանովը (2717): Իսրայելի հավաքականի առաջատարն է Էմիլ Սուտովսկին (2676), Գերմանիայինը` Արկադի Նայդիչը (2685): Իսպանացիների կազմում առաջին խաղատախտակը կներկայացնի

Ալեքսեյ Շիրովը, Ֆրանսիայի հավաքականում` Էթիեն Բաքրոն: Մագնուս Կառլսենը հրաժարվել է խաղալ Նորվեգիայի հավաքականում իր ներկայիս մարզիչ Գարի Կասպարովի խորհրդով, որպեսզի ավելի լավ նախապատրաստվի նոյեմբերին Մոսկվայում կայանալիք Միխայիլ Տալի հուշամրցաշարին:

Հայաստանի կանանց հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը (2489), Լիլիթ Մկրտչյանը (2469), Լիլիթ Գալոյանը (2326), Նելլի Աղինյանը (2307) եւ Սիրանուշ Անդրեասյանը (2234): Մեր հավաքականն իր միջին վարկանիշով (2398) առաջնության մասնակիցների մեջ 5-րդն է: Առաջին քառյակը կազմում են Ռուսաստանի (2500), Վրաստանի (2491), Ուկրաինայի (2463) եւ Լեհաստանի (2429) հավաքականները:

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնությունն անցկացվում է 1957-ից: Անդրանիկ առաջնությունը կայացել է Վիեննայում եւ ավարտվել է ԽՍՀՄ հավաքականի հաղթանակով: Հարկ է նշել, որ մինչեւ Խորհրդային Միության փլուզումը խորհրդային շախմատիստները ոչ մեկին չեն զիջել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը` հաղթող ճանաչվելով 1957-1989-ին անցկացված բոլոր 9 առաջնություններում: Այդ ժամանակահատվածում ԽՍՀՄ հավաքականի հիմնական մրցակիցը Հարավսլավիայի ընտրանին էր, որը 6 անգամ ճանաչվել է Եվրոպայի փոխչեմպիոն, մեկ անգամ էլ դարձել է բրոնզե մեդալակիր: Առաջին 4 առաջնություններում յուրաքանչյուր թիմ խաղում էր 10 խաղատախտակի վրա, հաջորդ 4 մրցաշարերում խաղատախտակների թիվը 2-ով կրճատվեց: 1989-ին մրցաշարն անցկացվում էր 6 խաղատախտակի վրա, իսկ 1992-ից սկսած յուրաքանչյուր թիմ մրցակիցների հետ մրցում է 4 խաղատախտակի վրա:

1957-ին մասնակցել է ընդամենը 4 թիմ, որոնք մրցել են 2 շրջանով: ԽՍՀՄ հավաքականի կազմում 6-րդ խաղատախտակի վրա հանդես էր գալիս Տիգրան Պետրոսյանը: Նա 5 հնարավորից վաստակել էր 4 միավոր: Պետրոսյանի հետ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացել են Վասիլի Սմիսլովը, Պաուլ Կերեսը, Դավիթ Բրոնշտեյնը, Միխայիլ Տալը, Բորիս Սպասկին, Մարկ Տայմանովը, Վիկտոր Կորչնոյը, Ալեքսանդր Տոլուխը, Իսահակ Բոլեսլավսկին, Յուրի Ավերբախն ու Լեւ Արոնինը:

Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը 1957-1983-ին ԽՍՀՄ հավաքականի կազմում 8 անգամ արժանացել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին: Հայ շախմատիստներից ԽՍՀՄ հավաքականում 3 անգամ (1980, 1983, 1989) չեմպիոն է հռչակվել Ռաֆայել Վահանյանը:

Հայաստանը շախմատի Եվրոպայի թիմային առաջնություններին մասնակցում է 1992-ից: Դեբրեցենում կայացած առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը (Ռաֆայել Վահանյան, Վլադիմիր Հակոբյան, Սմբատ Լպուտյան, Արտաշես Մինասյան, Աշոտ Անաստասյան) 38 թիմերի մեջ գրավեց 19-րդ տեղը: Հայաստանի կանանց հավաքականը (Լյուդմիլա Ասլանյան, Գոհար Հլղաթյան, Արուսյակ Գրիգորյան) եւս 19-րդ տեղում էր 24 թիմերի մրցավեճում:

Հայ շախմատիստները լավագույն արդյունքի հասել են 1999-ին Բաթումում անցկացված Եվրոպայի թիմային 12-րդ առաջնությունում` նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Այդ հաղթանակում իրենց ներդրումն են ունեցել Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Լեւոն Արոնյանն ու Արշակ Պետրոսյանը: Ճիշտ է, վերջինս այդպես էլ ոչ մի պարտիա չանցկացրեց մրցաշարում: Մեր հավաքականը 9 մրցախաղերում վաստակեց 22,5 միավոր: Լավագույն արդյունքի հասավ Աշոտ Անաստասյանը (6,5 միավոր), որը մնաց անպարտելի: Որքան էլ որ տարօրինակ էր, Եվրոպայի չեմպիոնը չմասնակցեց հաջորդ երկու առաջնություններին: Իսկ մինչ այդ, 1997-ին Պուլայում մեր հավաքականը, որի կազմում էին Վլադիմիր Հակոբանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանն ու Աշոտ Անաստասյանը, դարձել էր բրոնզե մեդալակիր: 2007-ին Հերակլիոնում անցկացված Եվրոպայի վերջին առաջնությունում էլ մեր հավաքականը գրավեց 2-րդ տեղը` զիջելով միայն ռուսներին: Հավաքականում խաղում էին Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանն ու Սմբատ Լպուտյանը:

Հայ շախմատիստուհիներն էլ 2003-ին Պլովդիվում են վայելել Եվրոպայի առաջնությունում հաղթելու բերկրանքը: Մեր թիմում Եվրոպայի չեմպիոնուհիներ հռչակվեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը: Այդ տարի մրցաշարն անցկացվում էր ընդամենը 2 խաղատախտակի վրա եւ Դանիելյանն ու Մկրտչյանն իրենց ուսերին տարան մրցաշարի ողջ ծանրությունը: 2007-ին Հերակլիոնում արդեն 4 խաղատախտակի վրա ՀՀ հավաքականը դարձավ բրոնզե մրցանակակիր: Թիմի կազմում էին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Սիրանուշ Անդրեասյանն ու Լիանա Աղաբեկյանը: Հուսանք, որ Նովի Սադում էլ Հայաստանի հավաքականներն իրենց բարձրության վրա կգտնվեն ու տուն կվերադառնան մեդալներով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4