Հունգարիայում հայկական համայնքը մեծ թիվ է կազմում: 1993-ից հայերն այնտեղ գրանցվեցին որպես ազգային փոքրամասնություն: Ի տարբերություն թուրքական ու ադրբեջանական գործոնի հսկայական ազդեցությանըՙ հայագիտական կենտրոններ Հունգարիայում չկան: Թեպետ շատ են հայերի ու Հայաստանի համակիրները, սակայն Հայոց ցեղասպանությունը երկրի խորհրդարանում չի ճանաչվել: Այդպիսի փորձ արվեց 2004-ին, բայց Բուդապեշտ ժամանած այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Աբդուլլահ Գյուլը կարողացավ խանգարել, որ խորհրդարանը չճանաչի հայոց ցեղասպանությունը:
Հունգարիայում վերջերս լույս է տեսել «Հետազոտություններ Հայոց ցեղասպանության թեմայով» գիրքը, որտեղ ընդգրկված են հայ եւ հունգարացի պատմաբանների հոդվածները: Ժողովածուի խմբագիր, «Արմենիա» երկլեզվանի ամսաթերթի խմբագիր Գագիկ Ջոթյանը նկատում է, որ գիրքը թարգմանվել է մի քանի լեզուներով` նպատակ հետապնդելով մեծացնել ընթերցողների շրջանակը: «Ժողովածուն նախատեսված է հունգարացիների համար, որպեսզի ծանոթանան Հայոց ցեղասպանությանը, փաստերին, վերլուծություններին: Նպատակ ունենք գիրքը բաժանել նաեւ Հունգարիայի խորհրդարանում»:
ԳԱԱ քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը կարեւորեց գրքի հրատարակումը, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախաշեմին: «Մեծ վտանգ եմ տեսնում, որ այդ հարաբերությունների նորմալացումով կարող է նահանջ ապրել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, մինչդեռ այն պետք է դառնա հրատապ հարց, եւ հարաբերությունների բարելավումը որեւէ բացասական ազդեցություն չպետք է գործի»:
ԳԱԱ պատմության ֆակուլտետի նախագահ Աշոտ Մելքոնյանը փաստեց, որ այս կերպ արգելվում է ցեղասպանության ճանաչման գործընթացը, բազմաթիվ երկրների խորհրդարաններում հարցը քննարկման չի դրվում: «Ցեղասպանության ճանաչման գործընթացը իրողություն է եւ պատմական հարթությունից վաղուց տեղափոխվել է իրավականի: Եթե պետք է Հայոց ցեղասպանության խնդիրը հանգեցնենք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ դնելուն, ապա ավելի լավ է մոռանանք», ասաց Մելքոնյանը` բարձր գնահատելով նմանօրինակ գրքերի լույսընծայումը:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ասաց, որ չափազանց կարեւոր է Եվրոմիության մեջ մտնող երկրներին ներկայացնել Հայոց ցեղասպանության փաստը, որովհետեւ հենց այդ երկրներն են համիդյան ջարդերի ժամանակ առաքյալներ, բարերաներ ուղարկել Հայաստան: «Խնդիրը մատուցելու համար պետք է ճիշտ ձեւակերպել, որպեսզի ընկալելի լինի Եվրոպային», ասաց Դեմոյանը:
«Այս աշխատությունը անհրաժեշտ էր հրատարակել 20 տարի առաջ: Շատ կարեւոր է, որ լինի գրքի շարունակությունը: Կարեւոր է հարցը ճիշտ կերպով մատուցել նաեւ երիտասարդներին: Սրանով չպետք է ավարտվի, պետք է անդադար խոսել, գրել», նկատեց Հայաստանում Հունգարիայի պատվո հյուպատոս Արտաշես Բլուրցյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ