Ապրանքային նշաններին եւ աշխարհագրական նշումներին առնչվող օրենսդրական փոփոխությունների կառավարության հաստատած փաթեթը երեկ լրագրողներին ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը: Նա մասնավորապես նշեց, որ անհրաժեշտություն կա ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու այնպիսի ընթացակարգ ստեղծելու, որն ավելի վաղ ծագած իրավունքների իրավատերերին հնարավորություն կտա նախապես ծանոթանալ եւ հարկ եղած դեպքում առարկել այն ապրանքային նշանների գրանցումներին, որոնց գրանցման եւ օգտագործման հետեւանքով կխախտվեն իրենց իրավունքները: Ապրանքային նշանների մասին գործող օրենքով սահմանված չեն դրույթներ, որոնք հնարավորություն կտան ապահովելու ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների գրավադրումը եւ դրանք արգելանքի տակ դնելը: Այս նախագիծը տալիս է գրավադրման հնարավորություն:
Վահե Դանիելյանը հայտնեց, որ օրենքների այս փոփոխությամբ նաեւ համաշխարհային բրենդների պաշտպանության մեխանիզմ է ստեղծվում, քանի որ հաճախ հայ տնտեսվարողները Հայաստանում գրանցում են այդ բրենդի անվանումը` այն դարձնելով իրենցը: Իսկ դա խոչընդոտում է միջազգային բրենդային ապրանքների ներմուծմանը Հայաստան:
Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության տնօրեն Արմեն Ազիզյանն, անդրադառնալով աշխարհագրական նշումների պահպանությանը, նշեց, որ գործող օրենքով դրանց պարտադիր գրանցում չի ենթադրվում, ինչն իր հերթին դրանց կիրառումը դարձնում է անարդյունավետ: Կառավարության հաստատած նախագծով պարտադիր է դառնում աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների գրանցումը:
Արմեն Ազիզյանն անդրադարձավ նաեւ Հայաստանում արձանագրվող ապրանքանիշների «պատերազմների» դեպքերին, երբ տեղական շուկայում հանդիպում են ապրանքանշաններ, որոնք փոքր-ինչ են տարբերվում միջազգային ճանաչում ունեցող ապրանքանշաններից եւ որոնք շփոթության մեջ են գցում սպառողներին: Օրինակ` միջազգային բրենդ Medoff եւ հայկական Medof, եւ այլն: Այդ կապակցությամբ մտավոր սեփականության գործակալության պետը խորհուրդ տվեց դիմել դատարան, ասելով, որ խախտում կատարողների համար խիստ պատիժներ են սահմանված: Նա շեշտեց հայրենական ապրանքանշանները պաշտպանելու անհրաժեշտությունը:
Հայաստանում, ըստ Արմեն Ազիզյանի, օրինական գրանցում ունեն, օրինակ, «Գրանդ Քենդի» ընկերության կողմից շոկոլադի արտադրության ժամանակ կիրառվող, ապրանքային նշանները: Այդ պատճառով էլ մերժվել է Հայաստանում նույն անունների գրանցման համար դիմած ընկերության հայտը: Այդ անվանումները մնացել են նախկին Խորհրդային Միությունից, եւ դրանց ծագումն ու պատկանելությունը որոշելը դժվար է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ