«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2009-10-21 | #191, 2009-10-22 | #192, 2009-10-23


«ՀՈ ԱՇԽԱՐՀԻ ԱՉՔԸ ՉԵ՞ՆՔ ԾԱԿԵԼՈՒ»

ԱԺ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանի կարծիքով` Թուրքիայի հետ մեր հարաբերություններում անընդհատ լինելու են հոգսեր, մտահոգություններ եւ խնդիրներ:

Երեկ «Փաստարկ» մամուլի ակումբում Մինասյանը, արտահայտելով իր տեսակետները, ասաց նաեւ, որ չի զարմանում թուրք պաշտոնյաների ադրբեջանամետ հայտարարություններից. «Բնական է, որ Թուրքիան ասում է իրեն ձեռնտու բաներ: Թուրքիայի հետ յուրաքանչյուր հարաբերության գնալիս` պետք իմանանք, որ տասնամյակներ շարունակ հայը եւ հայկականը այնտեղ թշնամի են եղել. մենք պետք է զգուշավորություն ցուցաբերենք»:

Անդրադառնալով թուրքական Մեջլիսում արձանագրությունների վավերացմանը` պատգամավորը շեշտեց. «Հիմա ի՞նչ պետք հաստատի Մեջլիսը, այն փաստաթուղթը, որը ստորագրված է, ոչ ավելի», իսկ եթե թուրքական կողմը հանկարծ իր դիրքորոշումը մտցնի կամ հանդես գա հայտարարություններով եւ վերապահումներով, ապա, ըստ հանրապետական պատգամավորի, հայկական կողմն էլ կանի իր վերապահումները` արձանագրությունները վավերացնելիս. «Յուրաքանչյուր թուրքական քայլի մենք պատասխանելու ենք, սա է պատճառը, որ ես համամիտ չեմ այն տեսակետներին, թե մենք առաջինը պետք է վավերացնենք արձանագրությունները: Եթե Մեջլիսը վավերացնի փաստաթուղթը առանց որեւէ լրացման կամ նախապայմանի, ես վստահ եմ, որ Հանրապետական կուսակցությունն ու իր կոալիցիոն գործընկերները ամեն ինչ կանեն մեր ԱԺ-ում վավերացնելու համար», հայտարարեց պարոն Մինասյանը:

Մեր, հատկապես սփյուռքի մտահոգությունների վերաբերյալ բանախոսը կարծիք հայտնեց, որ ինքը չի կարծում, թե սփյուռքի մեծամասնությունը դեմ է Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններին. «Հնարավոր չէ բիզնեսով զբաղվող 21-րդ դարի հայ մարդը (երեւի պարոն Մինասյանը կարծում է, թե սփյուռքում մեծամասնությունը բիզնեսով է զբաղված-Հ.Ա.) դեմ լինի իր հայրենիքի շրջափակման վերացմանը,- նկատեց բանախոսը` շարունակելով,- ինչ վերաբերում է ցեղասպանության խնդրին, ապա մեր նախագահը բազմիցս է հայտարարել, որ այն չի կարող դառնալ հայ-թուրքական քննարկման առարկա. երկկողմ քննարկումների համար երկկողմ համաձայնություն է պետք, իսկ Հայաստանը համաձայն չէ այդ քննարկումներին»:

Պարոն Մինասյանը տեղեկացրեց նաեւ, որ արձանագրությունների վավերացումից հետո սահմանների բացմանը զուգահեռ պետք է կատարվեն փոփոխություններ մեր մաքսային, հարկային քաղաքականությունների մեջ. «Մենք պետք է պաշտպանենք մեր արտադրողների շահերը», հայտարարեց նա:

Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ղարաբաղյան մտահոգությունների մասին` հանրապետական պատգամավորը նախ փաստեց, որ այնտեղ չկա Ղարաբաղի վերաբերյալ որեւէ կետ, իսկ հետո ասաց. «Ղարաբաղի շուրջը գտնվող 5 շրջանների վերադարձի հարցը քննարկվում է: Այժմ հայկական կողմը պահանջում է առաջին հերթին որոշել ԼՂՀ կարգավիճակի հարցը, եւ հետո, եթե մենք պահում ենք անկախ ԼՂՀ-ն, ինչների՞ս է պետք Աղդամը կամ Հորադիզը. դրանք Ղարաբաղի տարածքներ չեն, հո աշխարհի աչքը չե՞նք ծակելու (Իսկ Ադրբեջանի կազմում հայտնված Շահումյանի շրջա՞նը. դա էլ հո ղարաբաղյան տարածք է-Հ.Ա.)»:

Ամփոփելով հայկական կողմի դիրքորոշումը` Ղարաբաղի հետ կապված, բանախոսն ասաց, որ ԼՂՀ-ն ներկայիս կարգավիճակից ցածր կարգավիճակ չի կարող ունենալ, եւ մինչեւ չլուծվի այս հարցը, հայկական կողմը, ըստ Մինասյանի, ընթացք չի տալու Ղարաբաղի հետ կապված որեւէ հարցի լուծմանը:

Վերջում, կրկին անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, պարոն Մինասյանը արտահայտեց իր վստահությունը. «Միգուցե ես չտեսնեմ, բայց վստահ եմ, որ մի օր Թուրքիայի նախագահը կգա Երեւան եւ ծաղիկ կդնի Ծիծեռնակաբերդում»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4