«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2009-10-21 | #191, 2009-10-22 | #192, 2009-10-23


ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԶՐՆԳՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ 500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՈՍԿԵԴՐԱՄՆԵՐԸ

Հարցն այս շատերին է անհանգստացնում եւ նեղսրտելու առիթ դառնում, չնայած սրան մշտապես անդրադառնում են կառավարության աշխատանքներին ակնդետ հետեւող լրատվամիջոցները: Անհանգստությունն ինչ-որ տեղ բնական է եւ շատ հասկանալի, ռուսական 500 միլիոն դոլարանոց վարկը մեկ-երկու կոպեկ չէ, որ ասեղ դառնա ու կորչի, բայց եւ աչքը տեսածից է վախենում դեռ հի՜ն ժամանակներից, մարդիկ ուզում են հետեւել ճգնաժամի վերացման եւ տնտեսական լուրջ առաջընթացի այս հնարավորության հետագծին: Բայց մի բան է հետաքրքրվելը, մեկ այլ բանՙ ի լուր աշխարհի հայտարարելը, թե` հասե՜ք, տարա՜ն, քոռ ու փո՜ւչ արին, մսխեցի՜ն, փոշիացրի՜ն: Սա հին, բայց դաշնակցական մեր ընկերոջ` Վահան Հովհաննիսյանի հայտարարությունն էր վերջերս տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որ առիթ եղավ մեզ համար եւս մեկ անգամ եւ ավելի հանգամանալից հետաքրքրվելու ռուսական վարկով: Իրո՞ք փոշիացրին 500 միլիոն դոլարը, ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս:

Վ. Հովհաննիսյանի «կաթեցրած» հարցականները մի կողմից հրահրում են մեղավորներ փնտրել, մյուս կողմից էլՙ կառավարությունն ու, հատկապես, վարչապետն ու ֆինանսների նախարարը երբեք չեն ծածկում գումարի հետ կապված շարժերը եւ անվարան են պատասխանում լրագրողներիՙ ռուսական վարկի հետ կապված հարցերին: Ուրեմն` նախ եւ առաջ նախընտրելի է հնարավորինս լրատվական թափանցիկություն այս հարցում: Իսկ սա կարծես թե ձեռնտու երեւույթ է վարկի ճակատագրով թեկուզ ամենակասկածամիտ հետաքրքրվողի եւ այն շահագործող կառույցի, բայց ոչ երբեք Վահան Հովհաննիսյանի համար: Բայց հենց թափանցիկությունն է ներկայիս կառավարության տնտեսական քաղաքականության մեխը, որի վրա նստում է տվյալ խոսակցությունը բացողն ինքը` անկախ պաշտոնից ու հասարակական դիրքից:

Եվ այսպես, ՀՀ ֆինանսերի նախարարությունից պարզեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը 2009-ի մայիսին Ռուսաստանի Դաշնությունից ստացել է 500 միլիոն դոլարի վարկ` շուրջ 185 միլիարդ դրամ, 4 տոկոս տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով: Համարե՞լ սա հերթական պարտք մեր ապագա սերունդների վզին, թե՞ պատեհ հնարավորություն, որ տնտեսական ճկուն քաղաքականությամբ վարկն օգտագործվի ու վերադարձվի վարկատուին, որոշեք ինքներդ: Մինչ ընթերցողի պատասխանը կոնկրետանա, շտապենք տեղեկացնել, որ գործադիր իշխանությունը փողից շահելու մի քանի եղանակ է ընտրել եւ համակարգված փորձում է իրականացնել դրանք: Ընտրված են հետեւյալ ուղղությունները, որոնց թվում է տնտեսության վարկավորման ծրագրի ֆինանսավորումը` 90 մլրդ դրամ: Այս ծրագիրն ունի երեք բաղադրիչ.

ա) Ֆինանսաբանկային համակարգի վարկավորում. որի համար հատկացվելու է 60,5 մլրդ դրամ: (Հիմնական ուղղություններն են հիպոթեկային շուկա` 12 մլրդ դրամ: Արտահանում խթանող, մթերող-վերամշակող, օդային փոխադրումներ, ենթակառուցվածքներ ապահովող, տուրիզմ, սպառողական վարկավորում, ավտովարկավորում, բնակարանների եւ անհատական բնակելի տների վերանորոգման եւ վերակառուցման վարկավորում իրականացնող կառույցներ` 30 մլրդ դրամ: Փոքր եւ միջին ձեռներեցություն` 18,5 մլրդ դրամ):

բ) Փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորում` 6,4 մլրդ դրամ:

գ) Համակարգաստեղծ կամ խոշոր ենթակառուցվածքների գործունեություն ապահովող տնտեսվարող սուբյեկտների վարկավորում` 23,1 մլրդ դրամ:

Ուղղություններից մյուսը ՀՀ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի միջոցով իրականացվող վարկավորումն է 4,545 մլրդ դրամ չափաբաժնով:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված գրության, 2009 թվականին հիշյալ միջոցներից ծախսվել է աղետի գոտու վերականգնման համար նախատեսված գումարից 24 մլրդ դրամ, եւս 24 մլրդ դրամ նախատեսված է ծախսել 2010-ին:

Նշված գումարներից արդեն իսկ բաշխվել է 62 մլրդ դրամը, իսկ մնացած ծրագրերը գտնվում են ընթացքի մեջ: Ռուսական վարկի մնացած գումարը ավանդադրված է Կայունացման հիմնադրամում:

Արդեն ծախսված գումարների վարկի օգտագործումը խիստ տեսանելի է Լոռու մարզի 24 գյուղերի անտուն բնակիչների ու նրանց համագյուղացիների համար: Լոռեցիք զարմացել եւ անակնկալի են եկել այնտեղ բնակշինարարության աննախադեպ չափերից ու տեմպերից: Ռուսական վարկի շնորհիվ այստեղ կառուցապատվող եւ ներքին հարդարման ենթարկվող բնակելի մակերեսը վերջնագծում կազմելու է 500 հազար քառակուսի մետր, որի յուրաքանչյուր քառակուսի մետրի արժեքը 169 000 դրամ է կազմում: Շինարարներին հավատալու ավանդույթ չունենք, բայց մարդիկ վստահեցնում են, որ հանձնում են 9 բալանոց սեյսմակայունության բնակարաններ ու քոթեջներ: Նրանց հավաստիացումներն առժամանակ անց կարող են հերքել կամ հաստատել 20 տարի առաջ տնավեր եղած աղետյալները, որոնք խումբ-խումբ նորամուտ են տոնում ու առայժմ «տարոսը ձեզ» մաղթում սպասողներին:

Ռուսական վարկի արդյունավետ օգտագործման ամենաուշագրավ կետը բանկային համակարգն է, որտեղ 4 տոկոսանոց վարկը կշրջանառվի, պատասխանատուների հավաստմամբ, ոչ շատ բարձր հավելյալ տոկոսաչափով:

Ընդհանրապես վարկավորման այս ծրագրի ամենախոշոր բաղադրիչը առեւտրային բանկերին եւ վարկային կազմակերպություններին տրվող էժան վարկերն են` 60.5 մլրդ դրամ չափով: Այդ նպատակով 12 միլիարդ դրամ ուղղվել է նորաստեղծ պետական հիպոթեկային հիմնադրամին: Այս ուղղության մասին խոսելիս Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ոչ միայն տնտեսության աշխուժացում, այլեւ հիպոթեկային վարկավորման պայմանների մեղմացում է կանխատեսել: Անհիմն կանխատեսում չի թվում, մանավանդ եթե հաշվի առնենք անավարտ շինարարություններին օգնելու պետական մոտեցումը եւ հավատանք, որ շատ մարդիկ կդիմեն վարկավորման միջոցով նորակառույց բնակարան գնելու քայլին: Եվս 30 մլրդ դրամ տրամադրվելու է արտահանում, մթերում-վերամշակում, տուրիզմ, սպառողական ավտովարկավորում, բնակարանների վերանորոգում, վերակառուցում իրականացնող կազմակերպություններին: Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնին կտրվի 18 մլն դոլար, իսկ 23.1 մլրդ դրամ կտնօրինի ֆինանսների նախարարությունը: Այս ֆոնդից կառավարության առանձին որոշումներով կտրվեն բյուջետային վարկեր: Առաջին խոշոր հատկացումներըՙ հանքարդյունաբերությանն ու աղետի գոտուն, արդեն կատարված են:

Որակյալ բիզնես-ծրագրերի պակաս ՀՀ կառավարության Կայունացման հիմնադրամում

«Բա էս փողն ի՞նչ անենք»

Մինչ կայունացման հիմնադրամում Կենտրոնական բանկի շրջանառության շնորհիվ ռուսական վարկից ապահովում է կայուն տոկոսավճար (տարբեր գործարքների դեպքում տոկոսավճարը կարող է տատանվել), այս գայթակղիչ հնարավորությունից կարող են օգտվել փոքր ու միջին այն ձեռնարկությունները, որոնք ունեն ուշագրավ, վարկի արժանի բիզնես մտահղացումներ: Ցավոք, պարզվում է, որ դրանք այնքան էլ շատ չեն, որի պատճառով բավականին ուշագրավ` 40 միլիարդ դրամից ավելի գումար, ապահովելով կարճաժամկետ վարկեր, սպասում է Կայունացման հիմնադրամում: Սա մտահոգություն է, որ բարձրաձայնել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բայց ի՞նչ օգուտ, երբ մարդիկ առավել գերադասում են ցեխ շպրտել, քան բիզնես ծրագրեր իրականացնել: Ի դեպ, այստեղ էլ մի բամբասանք կա, իբր կառավարությունում լավագույն բիզնես նախաձեռնությունները մերժում են, հետո իրենք են իրականացնում: Անշուշտ, սա էլ է սեւ բանահյուսության ոլորտից, թե չէ «շահող բիզնես ծրագիր» գրող խելոքները հիմա հարյուր անգամ մամուլի ասուլիս էին տվել ու հայտարարել իրենց «մտքի գողերի» մասին: Բայց, ինչպես տեսնում ենք, ձայն-ծպտուն չկա, միայն կռունկներն են տարուբերվում աղետի գոտում, դրամահաշվիչ մեքենաներն են չխկչխկում բանկերում, իսկ Կայունացման հիմնադրամում աշխատակիցները սուրճ են խմում ու սպասում իրոք խելացի մտահղացումների ...

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ.Գ.- Ֆինանսական, հատկապես վարկային աշխատանքներում հաջողելու նախապայման են ստեղծագործական միտքն ու ճկուն գործելաոճը: Դրանց առկայությամբ հնարավորինս օգտվել նույնիսկ վարկով տրամադրված 500 միլիոն դոլարից, նույնն է, թե ունենալ հզորագույն մեքենա, կարողանալ գործարկել ու արագ հասնել այն նպատակակետին, ուր մինչեւ հիմա չեն հասել շատ փողատերեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4