Այսօր լրանում է Ազգային ժողովում տեղի ունեցած սպանդի 10-ամյակը: Զոհվեցին երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներ:
Ի՞նչ կարելի է ասել 10 տարի հետո: Չնայած հանցագործության անմիջական կատարողները դատվեցին, ստացան իրենց պատիժը` զոհվածների հարազատներից եւ ոչ մեկը չի ընդունում, որ հանցագործությունը բացահայտված է, պատվիրատուները հայտնի են կամ պատվիրատուներ չկան: Այդպես են մտածում նաեւ Հայաստանի շարքային քաղաքացիներից շատերը:
Եթե անարգել մտնում են Ազգային ժողով, սպանում են երկրիդ վարչապետին եւ Ազգային ժողովի նախագահին, ուրեմն դա ուղղված է երկրիդ, պետության դեմ, ուրեմն երկրիդ անվտանգությունն այդ պահին զրո է եղել: Կամ` պետք ավելի գլոբալ մտածես ու հասկանաս, որ համադրվել են այլ` հզոր երկրների հատուկ ծառայությունների ուժերը, ու դրա դեմ փոքր երկրի փոքր անվտանգությունը ոչինչ անել չէր կարող: Ի՞նչ էր ասում մեռնող Լիտվինենկոն, հիշենք: Եթե նրա ասածում եւ ուրիշ այլերի ասածում դույզն իսկ ճշմարտանման բան կա, եթե տարածաշրջանի` ի դեպ, սահմանափակ թվով մեծ խաղացողների մատը խառն է 10 տարի առաջվա կատարվածում` տարբեր շահերի համադրումով, ուրեմն դա չի կարելի դիտարկել այլ կերպ, քան ագրեսիա, սպառնալիք` ուղղված երկրիդ անվտանգությանը, սահմանադրական կարգին, պետականությանը, ժողովրդին: Թե ովքեր կամ որ պետություններն էին շահագրգիռ, որ Հայաստանում թափ հավաքող իշխանությունը գլխիվայր փռվի` անգամ վերլուծություններով կարելի է գալ-հասնել ակունքին: Բայց վերլուծությունը փաստ չէ, ապացուցողական նշանակություն չունի եւ սերունդներին փոխանցել չես կարող: 10 տարին անցավ, այո, բայց այդ զարհուրելի սպանդի մասին մենք չգիտենք ավելին, քան գիտեինք 1999 թվականի նոյեմբերին: Գուցե 20 տարի հետո կատարվածը բացահայտեն, երբ բացահայտողները թաքցնելու կամ գուցե իրենց ակամա անօգնականությունը բացահայտելու ամոթի զգացումը չունենան: Բացահայտումը 20, 30 տարի հետո անգամ հարկավոր է լինելու պետությանը` որպես պետություն ինքն իրեն հարգելու, երկրին սպառնացող այդ կարգի վտանգներից ապահովագրվելու համար:
Իսկ մեզ մնում է հիշելը: Հիշելը` նախ, թե ի՞նչ էր նախորդել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երկրի նոր կառավարությունն ու վարչապետը հանկարծ ու ինչպես էին հասկացել, որ պետք է ազատվել կոռուպցիայից, արտաքին պարտադրանքներից ու դրա համար հատուցեցին կյանքով: Ապա հիշել տարբեր ժամանակներում տարբեր երկրների հատուկ ծառայությունների տարբեր նախկին աշխատակիցների ենթադրություններն ու վկայությունները. սա անհամբերների համար, ովքեր արագ են սիրում հետեւությունների հանգել: Մյուսները` մտահայեցողներն ու աշխարհի հզորների մեծ խաղերից տեղյակները համբերություն կունենան սպասելու համընթաց քամիների, որոնք տարածաշրջանային շահերը, պատահականություններն ու օրինաչափությունները մի օր կմեկտեղեն` լուծելու մեր պետության կյանքում պատահած այս հանելուկի աշխարհաքաղաքական բալաստը:
Մնացյալը վերաբերում է հիշողությանն ու հարգանքին` առ զոհված մեր պետական այրերը, եւ զորակցությունը նրանց հարազատներին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ